Ալիևը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների պատճառով Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ նավթ մատակարարել իր հաճախորդներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով նավթավերամշակման գործարանների վնասման պատճառով Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ նախկին ծավալներով նավթ և գազ մատակարարել նույնիսկ իր ավանդական գործընկերներին։ «Ռուսական նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալու պատճառով Ռուսաստանը չի կարողանում ավանդական հաճախորդներին մատակարարել այնքան նավթամթերք, որքան կցանկանար», — Բեռլինում ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է եվրոպական էներգետիկ շուկայում փոխարինել Ռուսաստանին և էապես ավելացնել մատակարարումները, եթե եվրոպական բանկերը վերսկսեն նավթագազային և ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը։ «Ադրբեջանը կարող է նավթ մատակարարել պահանջվող ծավալներով։ Դա հնարավոր է ինչպես ներքին աղբյուրների, այնպես էլ մեր SOCAR էներգետիկ ընկերության թրեյդինգային ստորաբաժանման միջոցով։ Այսինքն՝ այստեղ որևէ խնդիր չկա», — Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում Minval-ը։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է ադրբեջանական գազի գնումների ընդլայնման հարցում Գերմանիայի հետաքրքրվածությունը և շնորհակալություն է հայտնել Ալիևին «գազի մեծ ծավալներ» ձեռք բերելու հնարավորության համար։ Այս հարցն արտացոլված է բանակցությունների արդյունքներով ստորագրված համատեղ հռչակագրում, ընդգծել է Մերցը։ Ալիևն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում Եվրամիության տասը երկրների, իսկ այս տարվանից արտահանում է սկսել նաև Գերմանիա՝ դա անվանելով «զգալի ավանդ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։
Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարի Բեռլինի և Բաքվի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար, ընդ որում՝ դրա հիմնական մասն ապահովել են հում նավթի մատակարարումները։ Դրանից հետո նա պատմել է ապագայում Եվրոպային «կանաչ էներգիա» մատակարարելու ծրագրերի մասին։
2020 թվականից ի վեր Հարավային գազային միջանցքով Եվրոպա է մատակարարվել ավելի քան 50 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։ 2026 թվականի հունվարից SOCAR-ը սկսել է արտահանումը Գերմանիա և Ավստրիա՝ ընդլայնելով մատակարարումների աշխարհագրությունը։ 2026 թվականի հունիսին Թուրքիան և Ադրբեջանը 15-ամյա համաձայնագիր են կնքել «Աբշերոն» հանքավայրից 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ, իսկ ավելի վաղ SOCAR-ը տասնամյա պայմանագիր էր ստորագրել գերմանական SEFE-ի հետ՝ տարեկան 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավելացնում է նավթի արտահանումը։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Բաքուն ավելի քան 12 միլիարդ դոլար արժողությամբ 23,4 միլիոն տոննա հում նավթ է արտահանել 22 երկիր։ Խոշորագույն գնորդներն են դարձել Իտալիան (6,7 միլիարդ դոլար), Չեխիան (742 միլիոն դոլար), Խորվաթիան (666 միլիոն դոլար), Ռումինիան (598 միլիոն դոլար) և Գերմանիան (502 միլիոն դոլար)։ Մեկ տարվա ընթացքում Բաքուն սկսել գազ մատակարարել նաև Շվեյցարիային, Դանիային և Վրաստանին։



