Ալիևը դարձյալ խոսել է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին
Առաջին ադրբեջանական հանրապետության հիմնադրման առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Բերձորում դարձյալ խոսել է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին:
Ընդգծելով, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երկար չի գոյատևել, Ալիևը հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից և միացվել է Հայաստանին»։ «Դա մեծ անարդարություն էր, և ադրբեջանական ժողովուրդը նմանատիպ անարդարությունների է բախվել իր ամբողջ պատմության ընթացքում», -հավելել է Ալիևը։
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Երեք երկրների առաջնորդներն արդեն հայտարարել են «երեք պետություն, մեկ ազգ» օրակարգի մասին։ Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի օրակարգի վերաբերյալ կարելի է դիտարկել որպես ծրագրային հայտարարություն թյուրքական էքսպանսիայի համատեքստում։