«Մեզ ասում են՝ ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության», «մեզ էլ ասում են՝ ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիս». թեժ վեճ ու ծեծկռտnւք՝ ԱԺ-ում
Աժ-ում կրքրեը թեժացան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այդ ելույթին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի պատասխանից հետո: Պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք սկսվեց:
Լևոն Քոչարյանը, մասնավորապես, իր ելույթում արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուր գնում են հանդիպման, մարդիկ ասում են՝ ինչու մինչև հիմա Քոչարյանը կալանավորված չէ, ասաց. «Բա որ մենք, որ գնում ենք մարդկանց հետ հանդիպման, գիտեք, թե ի՞նչ են ասում: Ասում են՝ ինչո՞ւ են մինչև հիմա այդ անհայրենիք դավաճանները իշխանության»:
Արտահերթ ելույթով հանդես եկած Արշակյանն ասաց. «Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին: Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են: Մի կոպեկ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենիք դավաճաններ են: Բայց մենք նման բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները»։
Հակոբ Արշակյանի ելույթին տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը, Հակոբ Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում` պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից», ապա պահանջեց լքել դահլիճը: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց:
Հակոբ Արշակյանը շարունակեց ելույթը. «Ղարաբաղը հանձնելուց եք խոսում. Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու՝ այնտեղից գնալով: Դուք խրախուսել եք, այնտեղից լիքը մարդ է գնացել, ընդ որում՝ Հայաստանում պաշտոններ է զբաղեցրել, մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի: Երկիրը ո՞նց են դավաճանում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ: Դավաճանությունից եք խոսում: Դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդ գնդակահարելով, այդ գնդակահարումն արդարացնելով: Անգամ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին:
Ժողովրդավարությունից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, լու՞րջ, դուք դրա բարոյական իրավունքն ունե՞ք: Ղարաբաղից եք խոսում, ղարաբաղցի լինելով՝ լքել, թողել գնացել եք Ղարաբաղից»,- ասաց նա՝ առաջարկելով չխախտել քաղաքակրթության սահմանները:
Ինչից հետո իրարանցում սկսվեց և պատգամավորները ծեծկռտուք սկսեցին: Ամբիոնի մոտ գտնվող Արշակյանին չէր հաջողվում պատգամավորներին հանդարտեցնել: Պատգամավորների հանդարտվելուց հետո Արշակյանը շարունակեց ելույթը: