Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի, բայց այդ որոշումը «Հանրապետություն» կուսակցությունը պետք է ընդունի. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Երևանի Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, հետաքրքրվելով՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետը նրան աշխատանքից ազատելու կաշկանդվածություն ունի, որ չփլուզվի «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիան:
«Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանն (Հանրապետություն» կուսակցության ղեկավար - խմբ.) արդեն հայտարարել է, որ եթե նույնիսկ նման որոշում կայացվի, կոալիցիոն չի փլուզվելու և ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ աշխատանքից չազատվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ԱԺ նախագահը նշեց՝ պաշտոնը վայր դնելը և կոալիցիան բաժանելը տարբեր բաներ են, երկրորդ՝ դա որևիցե կերպ չի նշանակում, որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է:
«Նման մտավախություն չկա: Նրանք մեր գործընկերներն են, մենք նրանց հարգալից ենք վերաբերվում, և պարոն Սարգսյանի բոլոր հիմնավորումները համարում եմ ճիշտ ու տեղին:
Բայց միևնույն ժամանակ, քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակսսւթյուն է պետք և այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը, պարոն Սարգսյանը, վստահ եմ, որ եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժի համար դա միայն դրական կլինի հաջորդ ընտրություններում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել: