շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը համաձայն է՝ 10 մլն դրամի դիմաց մեկ ամսով զինծառայություն անցնելու մասին օրինագիծը կարող է խորացնել սոցիալական շերտավորումը

Ալեն Սիմոնյանը համաձայն է՝ 10 մլն դրամի դիմաց մեկ ամսով զինծառայություն անցնելու մասին օրինագիծը կարող է խորացնել սոցիալական շերտավորումը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն է այս օրերին տարածված այն տեսակետի հետ, որ իր գործընկերոջ ներկայացված արագացված զինծառայության մասին օրինագիծը կարող է սոցիալական շերտավորում առաջացնել հանրության մեջ:

«Ես կարծում եմ, որ դա այն հարցն է, որ պետք է քննարկենք։ Այո, որովհետեւ կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ հարուստներնհ ազատվեն», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը:

Ընդհանուր առմամբ, ԱԺ փոխնախագահը ողջունում է Հայկ Սարգսյանի նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ՝ հանրության տրամադրվածությունը հասկանալու համար:

«Հայկ Սարգսյանն ասել է, որ խմբակցությունում չի քննարվել, սկզբում ներկայացրել է հանրությանը, որը ես ողջունում եմ, որ նախևառաջ հասկանանք հանրության տրամադրվածությունը։ Այն բանը, որ մենք պետք է ունենանք արհեստավարժ զինված ուժեր, կարծում եմ՝ դա որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն, որ ցանկալի է՝ սահմանագիծը պահեն ոչ թե նորակոչիկները՝ 18-19 տարեկան երիտասարդները, այլ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, նույնպես որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն փաստը, որ շատերը դրա պատճառով լքում են Հայաստանը, նույնպես որպես խնդիր առկա է։ Մենք այս քննարկումով պետք է գտնենք այն ոսկե միջինը, որ կարողանանք լուծում տալ»,-նշեց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը «Արագացված զինվորական ծառայության մասին» ներկայացված նախագածով առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:

  • Կիսվել: