կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը և Նատալի Լուազոն մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ

Ալեն Սիմոնյանը և Նատալի Լուազոն մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին: Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում հիշատակել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոտնձգությունների, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը, որոնք ամրագրվել են Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձեւերում ու զեկույցներում:

«Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը եւ ես ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, այդ թվում` CEPA-ի դրույթների իրականացման հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արեւելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը: Անդրադարձ է եղել Հայաստանին աջակցություն հատկացնելու խնդրանքով Եվրոպական միության հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Հայաստանի համագործակցության ընդլայնմանը:

  • Կիսվել: