կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ակնկալում ենք ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներում. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար

Ակնկալում ենք ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներում. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար

Կիևում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ: Պատվավոր հյուրն էր Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներ, պետական գործիչներ, պատգամավորներ, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, զինվորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, լրագրողներ:

«Մեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին՝ կառավարության հաշվետվողականությունը, մարդու իրավունքների հարգանքը և օրենքի գերակայությանը, միայն կառավարման խնդիր չէ. դա այն հիմքն է, որի վրա հենվում է մեր ազգերի ինքնիշխանությունը: Ե՛վ Հայաստանում, և՛ Ուկրաինայում ժողովրդավարությունը ամենօրյա ջանք է, գործ, որին ձգտում են մեր ժողովուրդները՝ նույնիսկ ահռելի մարտահրավերների պայմաններում:

Ժողովրդավարությունը, եվրոպական նկրտումները մեր ընդհանուր հավակնություններն ու նպատակներն են, և մենք վստահ ենք, որ միասին կարող ենք հասնել դրանց, քանի որ դրանք ոչ միայն մեր կառավարությունների առաջնահերթություններն են, այլ նաև մեր ժողովուրդների հստակ արտահայտված ձգտումները»,- իր ողջույնի խոսքում նշեց դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը իր խոսքում մասնավորապես նշեց.

«Ուկրաինացի և հայ ժողովուրդների հարաբերությունները մեծ պատմություն ունեն. Դրանց արմատները հասնում են հնագույն ժամանակներից և միշտ հիմնված են եղել բարեկամության և միմյանց նկատմամբ հարգանքի վրա: Դարերի ընթացքում մենք ամրապնդել ենք մեր մշակութային, քաղաքական և տնտեսական կապերը։

Ուկրաինան և Հայաստանը զգալի ներուժ ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար. Մենք ակնկալում ենք ամրապնդել մեր համագործակցությունը երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում»: 

 

  • Կիսվել: