Ակնհայտ է արդեն, որ սա Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում. Արայիկ Հարությունյան
Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին, ո՞նց... Էլ անասուն ժողովուրդ, էլ էշեր (ձայնագրություններով արձանագրված)... Էս ի՞նչ ատելություն է: Այս օրերին չտեսա, որ որևէ կազմակերպություն հակազդի Նաիրա Զոհրաբյանին, որը ատելության խոսք էր տարածում՝ իշխանության կողմնակիցներին անվանարկելով: Նույն Նաիրա Զոհրաբյանին, որը ժամանակին բոլորին ժեխ էր անվանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հայտարարություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ քննարկվում էր «Եկեղեցու պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայի հետ միավորելու հարցը, մեծ ընդվզումը եկեղեցականների կողմից ուներ միայն մեկ պատճառ՝ չնայած ձեզ համոզում էին, որ սա հակազգային քայլ է: Առարկան հեշտ ձև էր իրենց մոմի բիզնեսի համար կլիենտ ապահովելու համար: Ու առարկան միավորելուց հետո մոմ վառող ապահովելու համար Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը պետք է ստիպված քամակները պոկեին բազմոցներից և աշխատեին մեր քաղաքացիների հետ: Բայց ո՞նց աշխատեին, եթե նրանք ատում են այդ քաղաքացուն, զզվում են նրանից ու ավելի կարևոր պիղծ զբաղմունքներ ունեին:
Անցած տարի այսպես կոչված «սրբազան պայքարի» վերաբերյալ ասում էինք, որ սա ամբողջությամբ Կտրիճ Ներսիսյանի՝ նախկինում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է: Հիմա ակնհայտ է արդեն, որ սա իր օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում»:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: