երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԽ քարտուղարն այնպիսի վտանգավոր և խնդրահարույց հայտարարություն արեց, որ գործիք տվեց Ադրբեջանին հետագա ճնշումների համար․ Տաթևիկ Հայրապետյան․ Ժողովուրդ

ԱԽ քարտուղարն այնպիսի վտանգավոր և խնդրահարույց հայտարարություն արեց, որ գործիք տվեց Ադրբեջանին հետագա ճնշումների համար․ Տաթևիկ Հայրապետյան․ Ժողովուրդ

-Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը հերթական սադրանքներն է իրականացնում Արցախի տարածքում, եւ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահը, Արցախի կառավարությունը հայտարարում են, որ ադրբեջանցիները իրենց մեսիջներ են ուղարկել առ այն, որ պետք է պատրաստվեն մոտ ժամանակներս արդեն Լաչինի փոխարինող ճանապարհը շահագործելուն: Ի՞նչ կասեք այս մասին:

 

-Այդ սադրանքներից առաջ Ադրբեջանը տեղեկատվական հիմքեր է նախապատրաստել հստակ այդ առումով: Հիշում ենք՝ դրա նախօրեին Զաքիր Հասանովի հայտարարությունը, երբ, իբրեւ, իրենք փորձում են կանխել հայկական կողմի սադրանքները, բայց բոլորին պարզ է, որ Հայաստանը չունի ոչ մի շահագրգռվածություն սադրանքների գնալու հարցում: Դրան նախորդել է Պետական անվտանգության ծառայության պետի հայտարարությունը, այսինքն՝ ե՛ւ տեղեկատվական դաշտի, ե՛ւ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները գալիս էին փաստելու, որ Ադրբեջանը գնում է նոր սադրանքների, ընդ որում՝ ե՛ւ Հայաստանի Հանրապետության հետ սահմանների հարցում, ե՛ւ Արցախում:

-Ի՞նչ է կատարվում Արցախում:

-Արցախի հետ կապված կոնկրետ որոշակի պահանջներ ենք դնում առնվազն հրապարակային կամ ոչ հրապարակային:Հրապարակային, ինչպես նշեցինք, ուժեղանում է ճնշումը Բերձորի հետ կապված, թեեւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության համաձայն՝ երեք տարի անց, այսինքն՝ 2023թ.-ին, պետք է նախագիծը հաստատվեր այլնտրանքային ճանապարհի: Իսկ հիմա իրենք պահանջում են դատարկել գյուղը եւ դուրս գալ այնտեղից: Ընդ որում՝ նշեմ, որ երբ այդ աղմուկը բարձրացավ մի քանի ամիս առաջ, Սոս, Աղավնու որոշ գյուղի գյուղացիներ հայտնեցին, որ դուրս չեն գալու իրենց տներից, եւ, դրան զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակումներ արեց, որ իրենք պատրաստվում են հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկել: Այն միֆը, որ անընդհատ տարածում են, որ խաղաղ կապրեն, անվտանգության երաշխիքների կարիք չկա, ամբողջությամբ հօդս ցնդեց՝ ցույց տալով, որ եթե մարդը որոշել է մնալ իր տանը, իրենք պատրաստ են ոչնչացնելու այդ մարդուն: Սա է իրենց քաղաքականությունը, եւ իրենք այս ուղղությամբ են շարժվում:

-Ձեր գնահատականը զինծառայողների հարցին. ի՞նչ է կատարվում Արցախում:

-Զինծառայողների թեման, որ ակտիվորեն արծարծվել է Ադրբեջանի կողմից, առանձնակի թափ հավաքեց հուլիսի 15-ի Իհլամ Ալիեւի հայտարարությունից հետո, ի պատասխան, ցավոք, հայկական կողմը, անվտանգության խորհրդի քարտուղարը հուլիսի 9-ին արեց այնպիսի խնդրահարույց հայտարարություն, որ ուղղակի, ինչպես ասում են, գործիք տվեց Ադրբեջանի ձեռքին հետագա ճնշումների համար: Ինչքան էլ հետագայում հայկական կողմը պնդի, որ զորքերը դուրս է բերված... Թեեւ հետ գնանք, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման կետ գոյություն չունի: Կա կետ, որ զորքերը մնում են իրենց դիրքերում, հետո կան Քարվաճառի, Բերձորի եւ Ակնայի վերադարձի հետ կապված կետեր: Այսինքն՝ որ Լեռնային Ղարաբաղում զորքերը չպետք է լինեն, նման ձեւակերպումներ չկան այդ հայտարարությունում: Ադրբեջանական կողմը Արմեն Գրիգորյանի այս հայտարարության միջոցով սկսեց տեղեկատվական արշավ, որ կրկին չակերտավոր գնալու են հակաահաբեկչական գործողությունների Արցախում, եւ ամբողջ դաշտը նախապատրաստելով դրան՝ արդեն ճնշումները շարունակում են այդ ուղղությամբ: Որքան էլ հայկական կողմը պնդի, որ չկան որեւէ զինված ուժեր հայկական կողմից, Ադրբեջանը շարունակելու է հայտարարել, որ կա նման բան, եւ դրա ներքո գնալու է սադրանքի: Ուստի այդ պաշտոնյայի հայտարարությունը իսկապես շատ վտանգավոր եւ խնդրահարույց դարձավ մեր պետության համար: Բնական է, որ նորմալ պայմաններում նա անմիջապես պետք է հրաժարական տար, եւ նրա խոսքերը ի չիք դառնային, բայց, իհարկե, նա կշարունակի պաշտոնավարել եւ նոր խնդրահարույց հայտարարություններով հանդես գալ, որոնք կուղղվեն մեր պետության դեմ:

-Հայտարարությունները Արմեն Գրիգորյանը, այսպես ասած, ի՞նքն է անում: Պարզ է, որ ինչ-որ տեղից են գալիս, որ դա իր քաղաքականությունը չէ:

-Իհարկե, միանշանակ պարզ է, թե որտեղից են գալիս, ում հրահանգներն է կատարում. առաջին դեմքի հրահանգներն է կատարում, ինքը իրենով երբեք նման հայտարարություն չէր անի: Ամբողջությամբ հրահանգավորված աշխատում է, ընդ որում՝ հետաքրքրական է ինձ համար, որ նրա հայտարարությունները շատ հաճախ հակասության մեջ են Արտգործ նախարարության դիրքորոշումների եւ հայտարարությունների հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: