չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱԳՆ-ին զգուշացվեց՝ առանց ռազմագերիների և պատանդների ազատ արձակման՝ որևէ թուղթ չստորագրել

ԱԳՆ-ին զգուշացվեց՝ առանց ռազմագերիների և պատանդների ազատ արձակման՝ որևէ թուղթ չստորագրել

Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիայի մասնակիցները` Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ, նամակներ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։

«Նամակներից մեկը Արցախի թեմի առաջնորդի անունից է` COP29–ից առաջ Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ պահանջներով, որը ևս փոխանցվեց ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակին»,-ասաց Ստեփանյանը։

Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով հասան ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։

Նախքան նամակի հանձնելը, Գեղամ Ստեփանյանն ընթերցեց նամակը, որում մասնավորապես ասվում էր. «Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»,-ասաց նա:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմելով ԱԳՆ-ին՝ հայտարարեց, որ որևէ պայմանագիր, թուղթ չստորագրվի, կամ որևէ նախնական պայմանավորվածության քայլ չարվի, մինչև չլինի հենց առաջինը համարվող պահանջի կատարումը, որտեղ արտացոլված է՝ գոնե պաշտոնապես ճանաչված զինվորական գերիների ու պատանդների ազատությունն ու վերադարձը։

Ակցիայի մասնակիցները նույնաբովանդակ նամակ հանձնեցին նաև ԱԳՆ-ին և երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Հաջորրդ կանգառը կլինի ՀՀ-ում ՌԴ, ապա՝ ԱՄՆ դեսպանատունները։

  • Կիսվել: