Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով թույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան. Օվերչուկ
Բաքուն պատրաստ է ռուսական արտադրանքը բաց թողնել Հայաստան, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Երկու օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական արտադրանքի տարանցման համար Ադրբեջանի երկաթուղիների օգտագործման հնարավորությունը։ Այդ առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ունենք։ Այժմ ՛՛Ռուսական երկաթուղիները՛՛ տարածաշրջանի գործընկերների հետ լուծում են այն հարցերը, թե ինչպես կազմակերպել այդ փոխադրումները։ Միաժամանակ, համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարության գծով՝ այս նոր լոգիստիկ երթուղին յուրացնելու համար՛՛,-նշել է նա:
Օվերչուկը նաև ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի կառուցման ճանապարհին առաջընթացը լավ նկատելի է: Նրա խոսքով՝ Իրանը միաժամանակ աշխատում է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ուղղությամբ՝ սեփականատերերից հետ գնելով այն հողատարածքները, որոնցով անցնելու է ճանապարհը:
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիայում լոգիստիկայի կառուցմամբ և հենց այդ նպատակով էլ աշխատում է Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման ուղղությամբ:






