շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին. Ֆրանսիայի Սենատի նախագահ

«Մի այսպիսի ասացվածք կա՝ բարեկամները աստղերի են նման, և միայն գիշերը կարելի է նրանց հաշվել». այսպես սկսեց խոսքը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: 

Լարշեն շարունակեց. «Անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա, երբ մենք որոշեցինք, մի կողմ թողնելով քաղաքական տարաձայնություները, համախմբվել և ընդունել բանաձև, որով կոչ արեցինք Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Մեր այցը Հայաստան շարունակությունն է այդ բանաձևի, որն, ի դեպ, ընդունվեց միայն մեկ դեմ ձայնով: Սա բացառիկ է, քանի որ նման քվեարկություններ հաճախ չեն լինում: Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը կլինի գործիք՝ հասնելու բանակցությունների միջոցով տևական խաղաղության հաստատման, և մենք այստեղ ենք նաև խաղաղության կոչով»: 

Ֆրանսիայի Սենատի նախագահը հիշեցրեց, որ 20 տարի է անցել Ֆրանսիայի կողմից՝ նախագահ Ժակ Շիրակի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունումից: «Կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմական ողբերգական էջերի չկրկնության համար: Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա. վստահություն Հայաստանի ճակատագրի, վստահություն հայ երիտասարդության հանդեպ, որը ծանր հարված ստացավ նախորդ աշնանը: Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, վիրավորների, գերիների, նրանց ընտանիքների մասին, քանի որ դա ոչ թե անձնական, այլ հավաքական ողբերգություն է»,- ընդգծեց նա: 

Լարշեն նշեց, որ Ֆրանսիան վստահություն է տածում նաև Հայաստանի ժողովրդավարության հանդեպ: «Այդ առումով Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այս տարածաշրջանում. ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների ենթարկվեց, ոտնահարվեց, բայց, այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ: Մենք հավատում ենք հայ ժողովրդի ազատատենչ ոգուն և բնույթին: Ազատատենչություն, որն արտահայտվել է նաև հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների կողմից այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու և վերագտնելու իր ազատությունը»,- ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը: 

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Լարշեն նշեց. «Հստակ լինենք՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի և բոլոր միջազգային պայմանագրերի: Այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվել է այդ հարցը, և մեր գործընկերներից մեկն իր ելույթում ներկայացրել է այդ պահանջը»: Նրա խոսքով՝ Ֆրանսիան հասկանում է Հայաստանի ցանկությունը՝ ամրապնդելու Մինսկի խմբի նախագահությունը, և, ըստ նրա, երեք երկրների պատասխանատվության հարցն է՝ այս ուղերձները հասանելի դարձնելու ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին:  

Ֆրանսիայի Սենատի նախագահը կիսվեց «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագրով ցուցահանդեսից իր տպավորություններով: «Սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո այսպիսի քայլեր են ձեռնարկվում հայերի հիշողությունը և հետքը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա: Իսկ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Լարշեն հիշել է ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի մտքերից մեկը: «Արագոնն ասում էր՝ ապագա և հիշողություն, որոնք իրար նման բառեր են: Այն բանի մեջ, ինչն այրվում է, երևում է այն, ինչ լինելու է: Այս կրակն է, որ մենք ուզում ենք բերել, որպեսզի Հայաստանը ապրի և շարունակի հարատևել»,- նշեց նա:  

Լարշեն հույս հայտնեց, որ ԱՄՆ նախագահը, ի վերջո, որոշում կկայացնի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Եկեք չմոռանանք, որ ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մի բան, որը ցույց է տալիս, թե ինչ կարևոր դերակատարություն ունեն խորհրդարանները՝ ոչ միայն հիշողության, այլև արժեքների պահպանության առումով»,- ասաց ֆրանսիացի պաշտոնյան՝ հավելելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև առաջիկայում համագործակցության նոր՝ ավելի ընդլայնված համաձայնագիր կստորագրվի:

  • Կիսվել: