Ադրբեջանում սարսափում են Քոչարյանի վերադարձի մտքից և քննարկում Փաշինյանի ստատուսը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Մինչ Հայաստանում շարունակ թիրախավորում են նախկին նախագահներին, նրանց մասին նեգատիվ տեղեկություններ տարածում եւ ատելություն քարոզում նրանց նկատմամբ, ադրբեջանական մամուլը, պարզվում է, սարսափում է այն մտքից, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության գա:
Ադրբեջանցի լրագրող Ֆաիգ Մահմեդովը երեկ մի երկարաշունչ հոդված է հրապարակել ադրբեջանական մամուլում, որտեղ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին եւ դրա հետ կապված հնարավոր վտանգներին: Ադրբեջանցի լրագրողը «Մոսկվայում փակ դռների հետեւում. Քոչարյանի քաղաքական վերադարձը եւ Կրեմլի դերը» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ նշելով.
«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս կարճատեւ ուղեւորություն կատարեց Մոսկվա, չնայած ընդամենը 1-2 ամիս առաջ այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք։ Նախորդ այցից հետո Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ Այս անգամ, ըստ որոշ տեղեկությունների, Մոսկվայում քննարկման թեման եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր իմփիչմենտը։ Քոչարյանի վերադարձը կարող է սարսափելի վտանգներ թողնել տարածաշրջանի վրա: Չի բացառվում, որ շուտով կարող են լինել հրապարակային հայտարարություններ եւ համապատասխան քաղաքական գործողություններ։ Հետաքրքիր է, որ հանդիպումը չի կայացել Կրեմլի նորանշանակ պաշտոնյա, հայկական հարցերը վերահսկող, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Փոխարենը, ըստ տեղեկությունների, այն անցկացվել է Կրեմլի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որը մասնագիտացած է հայկական հարցերում, ինչը եւս մտածելու տեղիք է տալիս եւ պարունակում է ռիսկեր: Աղբյուրները նշում են, որ Քոչարյանը նույն օրը երեկոյան վերադարձել է Հայաստան եւ իր քաղաքական թիմին դեռ չի տեղեկացրել Մոսկվայում տեղի ունեցած քննարկումների մանրամասներին։ Կարծիքներ կան, որ նրան խորհուրդ են տվել ակտիվություն ցուցաբերել իմպիչմենտի հարցում։ Հաղորդվում է, որ քննարկվել են նաեւ վարչապետի պաշտոնի հնարավոր այլընտրանքային թեկնածուները։ Մինչդեռ Հայաստանի ընդդիմությունը վարչապետ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու երկու փորձ է նախաձեռնել։ Ապրիլին ընդդիմադիր ակտիվիստներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը խորհրդարանի անդամներին կոչ արեցին՝ աջակցել իմպիչմենտին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն հայտնեց՝ սատարել նախաձեռնությանը, իսկ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ դրեց դրա հեղինակների անկեղծությունը եւ փոխարենը փողոցային բողոքի ակցիաների կոչ արեց։ Այնուհետեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից նախկինում դուրս եկած երկու պատգամավորներ՝ Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը, առաջարկեցին նախկին դեսպան Էդմոն Մարուքյանին որպես պոտենցիալ նոր վարչապետ եւ բանակցություններ սկսեցին խորհրդարանական այլ խմբակցությունների հետ։ Այս զարգացումներն ընդգծում են Ռուսաստանի աճող հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական դինամիկայի նկատմամբ եւ ենթադրում են Կրեմլի հնարավոր ներգրավվածությունը երկրի ապագա քաղաքական լանդշաֆտի ձեւավորման գործում»:
Նկատենք, որ այս հրապարակումն անելիս հեղինակն օգտվել է հայկական մամուլի հրապարակումներից, այդ թվում` «Հրապարակից», բայց տեղեկատվությունը համեմել է իր գնահատականներով` ի ցույց դնելով իրենց վախերը իշխանափոխությունից եւ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի` իշխանության գալուց:
Իսկ երեկ ադրբեջանական մամուլը հեղեղված էր Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակումներով: «Բարձրագոչ սկանդալ Հայաստանում. Փաշինյանը ստորացրել է եկեղեցու սպասավորներին»,- գրում էր haqin.az-ը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իրենց էջերում մի քանի կոշտ եւ վիրավորական հայտարարություններ են արել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, մասնավորապես Փաշինյանը հոգեւորականներից մեկին մեղադրում է քեռակնոջ հետ կենակցելու մեջ՝ նշելով, թե «սրբազանը դոմփում է քեռակնոջը»։ Փաշինյանն իր հրապարակումներում անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել՝ պահանջելով, որ հոգեւորականներն իրեն հանգիստ թողնեն։ Նա նաեւ հրապարակավ հարցադրում արեց, թե արդյո՞ք հայ եպիսկոպոսները պահպանում են կուսակրոնության ուխտը։ «Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն քահանան դրժել է իր կուսակրոնության ուխտը, նրան պետք է պաշտոնից ու կոչումից զրկել»»,- ասված էր Փաշինյանի մասին ադրբեջանական ամենամեծ լսարանն ունեցող կայքի հրապարակումներից մեկում։
Ադրբեջանական հայտնի News.az լրատվական գործակալությունը նույնպես անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի` եկեղեցուն թիրախավորող գրառումներին. «Փաշինյանը թքել է եկեղեցու վրա. գռեհիկ հարձակումն ապշեցրել է Հայաստանը»: Ադրբեջանական լրատվամիջոցները Նիկոլ Փաշինյանի՝ էթիկայից դուրս գրառումը վերագրել են Բագրատ սրբազանին՝ նշելով. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիրավորական լեզվով է պատասխանել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քննադատությանը, Փաշինյանը Ֆեյսբուքի գրառմամբ քննադատել է սրբազանին՝ գրելով. «Սրբազան հայր, գնա քեռուդ կնոջը դոմփիր, քո ի՞նչ գործն է, իսկապե՞ս եմ ապրում ես, պետք է հարց տալ մեր եպիսկոպոսներին՝ քանի՞ ներկայացուցիչ է իսկապես հավատարիմ կուսակրոնության ուխտին»»։ Լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի կտրուկ գրառումը բորբոքել է հայ հանրությանը, եւ մարդիկ սկսել են քննադատել Նիկոլ Փաշինյանին: Նկատենք, որ Փաշինյանի գրառման «հերոսը» բոլորովին էլ Բագրատ սրբազանը չէ, այլ՝ մեկ ուրիշ սրբազան, որը նախօրեին անդրադարձել էր եկեղեցիների «չուլանացման» մասին նրա գռեհիկ խոսքին եւ պատասխանել նրան` առաջացնելով վերջինիս զայրույթը: Բայց մենք ավելորդ ենք համարում մտնել այս դաշտ եւ քննարկել, թե ով ում է, ըստ փաշինյանական լեքսիկոնի, «դոմփում», եւ ում նկատի ուներ էթիկայի բոլոր նորմերը խախտած Փաշինյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։