Ադրբեջանն ունի առավելություն և իներցիայով իր խոսույթն անընդհատ դնում է հաղթողի դիրքերից. Անդրանիկ Քոչարյան
«Ադրբեջանն ունի առավելություն և իներցիայով իր խոսույթն անընդհատ դնում է հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն իր մեջ այնքան է կուտակել, որ հիմա այս հաղթանակից հետո ուզում է լարված վիճակն ավելի տևական դարձնել դա հոգեբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, իսկ դա մեզ բոլորիս է պետք»։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանին պետք է խաղաղությունը՝ հաշվի առնելով, որ անընդհատ ձգձգում է պայմանագրի ստորագրումը և նոր պահանջներ առաջ քաշում։
«Խաղաղությունը պետք է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս արագ և որակով լուծել մեր խնդիրները. առաջին հերթին անվտանգային խնդիրներն են։ Երբ խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, ես չեմ ուզում շատ ծավալվել, որովհետև այտեղ ունենք ձեռքբերումներ, որոնց մասին հանրային տիրույթում չեմ կարող խոսել։ Վաղն այստեղ ծրագրի քննարկում կլինի, կմասնակցեն բոլոր ուժային կառույցները»,–հավելեց նա։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ թեև Ադրբեջանը հայտարարում է, որ պայմանագրում այլևս խնդիրներ չի տեսնում, սակայն կրկին ՀՀ Սահմանադրությունը փոխելու և այլ պահանջներ է առաջ քաշում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Մեր երկրի վարչապետն ասաց, որ ստորագրում է, որովհետև ոնց որ թե բոլոր 17 կետերին համաձայնել են։ Եթե այս կետերից դուրս խնդիր ունեն, դա արդեն այլ խնդիր է։ Բայց եթե պայամանգրում խնդիր չեն տեսնում, ինչու չեն ստորագրում, թող բարձրաձայնեն, մենք էլ հասկանանք։ Կարող է մենք էլ խնդիրներ ունենք՝ գերիների հարցը, խոսենք, հասկանանք»։