«Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում». Ալիև
Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ երկար տարիներ անց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու Վաշինգտոնում Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և ստորագրությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը փաստացիորեն վերջ են դրել 30-ամյա հակամարտությանը։
«Այս համաձայնագրից հետո Ադրբեջանն անմիջապես գործնական քայլեր ձեռնարկեց։ Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ՝ հատկապես հաշվի առնելով, որ այսօր որոշակի պատճառներով նավթամթերքի արտահանման և ներմուծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ադրբեջանի տարածքից Հայաստան տարանցիկ բեռների ուղարկումը լայն տարածում է գտել։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով անցել է ավելի քան 40 հազար տոննա բեռ։ Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերն այս հարցում»,-մասնավորապես ասել է Ալիևը:



