կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի մտադրությունները նույնն են՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ․ Փաշինյան

Ադրբեջանի մտադրությունները նույնն են՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ․ Փաշինյան

Տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ներքին Հանդում գրանցված դեպքին։
 
«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում»,- ասաց Փաշինյանը։
 
Նա հիշեցրեց` դեռ 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։
 
ՀՀ-ն, հավատարիմ լինելով պայմանավորվածությանը, ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև այդ հարցերով են աշխատելու։ Իսկ Ադրբեջանն իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության բաղադրիչը։
 
«Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- ասաց կառավարության ղեկավարը։

  • Կիսվել: