Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է 80 տոկոսով․ Փաշինյան
Մենք պատրաստ ենք հենց հիմա Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը համաձայնեցված է 80 տոկոսով։ Այս մասին ՄԱԿ-ի ԳՎ-ում ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայնագրի համաձայնեցված դրույթները կետեր են պարունակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, միմյանց ներքին գործերին չխառնվելու և այլնի մասին են»,- նշել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կհեշտացնի այլ չհամաձայնեցված հարցերի լուծումը։
Փաշինյանը նաև նշել է, որ պայմանագրի ստորագրումից հետո պետք է ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կմշտադիտարկի խաղաղության պայմանագրի կատարման ընթացքը երկու երկրների կողմից։
Նա նաև հավելել է, որ վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Սահմանագծման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնները. «Սա մեր երկրների միջև առաջին միջպետական իրավական համաձայնագիրն է: Ավելին, այդ փաստաթղթում կողմերը համաձայնել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը համարել սահմանազատման հիմնական սկզբունք։ Սա վերահաստատում է միմյանց տարածքային ամբողջականության և Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության կողմերի ճանաչումը։
Այժմ, հաշվի առնելով դա, ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չկան»։
Նա նաև ընդգծել է, որ եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար։
«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ես կարող եմ հաստատել, որ մեր Սահմանադրության մեջ նման դրույթներ չկան, և մենք պատրաստ ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել բոլոր միջազգային գործընկերներին։
Բացի այդ, հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է պարունակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և մենք կարող ենք դրա ապացույցները ներկայացնել։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կօգնի հաշվի առնել երկու կողմերի մտահոգությունները և իրավական մեխանիզմներ ստեղծել դրանց լուծման համար։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն ՝ վավերացված միջազգային պայմանագրերը առավելություն ունեն ներքին օրենսդրության նկատմամբ: Նույնն է նաև Ադրբեջանի դեպքում»,- ընդգծել է Փաշինյանը։