հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի ագրեսիան մեր երկրի նկատմամբ համապատասխանում է ՄԱԿ-ի 1974 թ. «Ագրեսիա» հանցագործության սահմանմանը. Վլադիմիր Վարդանյան

Ադրբեջանի ագրեսիան մեր երկրի նկատմամբ համապատասխանում է ՄԱԿ-ի 1974 թ. «Ագրեսիա» հանցագործության սահմանմանը. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած  ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանի հերթական ագրեսիան մեր երկրի նկատմամբ համապատասխանում է ՄԱԿ-ի 1974 թվականի «Ագրեսիա» հանցագործության սահմանմանը: «Մենք պետք է լինենք տոկուն և պաշտպանենք մեր երկրի ինքնիշխանությունն ու ամեն գնով բարձրացնենք երկրի պաշտպանունակությունը»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը:

«Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել Հանրապետության նախագահին և ՀՀ վարչապետին՝ ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Վարչապետի համաձայնությամբ՝ փոխվարչապետները և նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարներ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր և բանավոր առաջարկներ չեն ներկայացվել:

  • Կիսվել: