երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունների համար չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում», - ասված է Բժանիայի ուղերձում։

Նախագահը նշել է, որ փրկելով իրենց և իրենց երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր են մեկնել Աբխազիա, և նրանց սերունդներն այսօր իրենց ավանդն են ներդնում Աբխազիայի զարգացման գործում։

«Այս սգո և հիշատակման օրն իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Աբխազիայի հայկական սփյուռքին, ամբողջ հայ ժողովրդին, մաղթում եմ ոգու տոկունություն, խաղաղություն և բարգավաճում», - ասված է ուղերձում։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Աբխազիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Սեդրակը (Ազնավուրյան) Գագրա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցում կկատարի հոգեհանգստյան կարգ։ 

  • Կիսվել: