շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»

4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ եւ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում եւ ձեռք է բերված 2021 թվականին, 2-րդ բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2015 թվականին։

Արտաքին հետախուզության ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Քրիստիննե Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 862 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 հազար դոլար եւ 900 հազար դրամ։
Քրիստիննե Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 433 հազար դրամ, որից 2 մլն 698 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունից, 3 մլն 451 հազար դրամը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Գրիգորյանը եկամուտ է ստացել նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 4 մլն 094 հազար դրամ, սակայն Գրիգորյանի կենսագրության որեւէ ժամանակահատվածում նշված չէ, որ նա աշխատել է վարչապետի աշխատակազմում։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ պաշտոնի համար է ստացել վարձատրություն վարչապետի աշխատակազմից։

Քրիստիննե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց. «2023 թվականի փետրվարի 14-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել եմ ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնը։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքում»։

Երկրորդ հարցին. «Ինչո՞ւ կենսագրականում չկա վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին որեւէ տվյալ» Գրիգորյանը պատասխանել է. «2023 թվականի հունվարի 24-ից հետո իմ կողմից հրապարակված միակ կենսագրականը, որը հասանելի է ՀՀ կառավարության կայքում, ներկայացված է շատ ամփոփ տարբերակով, եւ դրանում ներառված չեն մասնագիտական գործունեությանս ընթացքում իմ զբաղեցրած այլ պաշտոններ եւս»։
Քրիստիննե Գրիգորյանը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է 27 հազար դրամ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ից։ Գրիգորյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 161 հազար դրամ։ Արտաքին հետախուզության ծառայության պետի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 962 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Այսիսով՝ եզրակացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ-ից ստացված գումարը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումար է՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։
Վարկի մարմանը Գրիգորյանը ուղղել է 4 մլն 696 հազար դրամ։

Հավելենք, որ մինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ լինելը՝ Քրիստիննե Գրիգորյանը 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022 թվականի հունվարի 24-ին Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել եւ ավելի ուշ նշանակվել ԱՀԾ ղեկավար:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: