2026-ը շատ արդյունավետ տարի էր Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների համար. Միրզոյան
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, նշեց՝ 2026-ը շատ արդյունավետ տարի էր Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների համար։
«Ի զարմանս և ի հեճուկս բոլոր չարախոսությունների ու վատ կանխատեսումների՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը ոչ միայն շարունակեց ռազմավարական գործընկերությունը, այլև հարկ համարեց մեզ հետ կնքել նոր փաստաթուղթ, որով գրվեց, որ այս ռազմավարական գործընկերությունը բարձրացվում է մեկ աստիճան ավելի՝ համապարփակ ռազմավարական։
Նաև հիշում եք քննադատություններն այն մասին, որ ԱՄՆ-ի հետ կնքում ենք փաստաթղթեր, հետո դրանք մնում են օդում, հիմա շատ լավ օրինակ է Միացյալ Նահանգների մասին խոսելիս ասել՝ մեր հուշագրերի կնքումից, ստորագրումից շատ կարճ ժամանակ անց՝ 2026-ին, տեսանք Հայաստանում արհեստական բանականության Firebird գործարանի հիմնումը, նաև այլ ծրագրեր։ Եվ սա բոլորովին մեր վերջնանպատակը չէ։
Մենք Միացյալ Նահանգների հետ մեր գործակցության մեջ շարունակաբար փորձում ենք բացահայտել նոր հորիզոններ, նոր ուղղություններ, և 2027 թվականը, կարծում եմ, այս առումով շատ արդյունավետ է լինելու»,- ասաց Միրզոյանը։



