հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2022 թ. ավարտին ՀՀ կառավարության պարտքի չափը կկազմի 4 տրիլիոն 740 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

2022 թ. ավարտին ՀՀ կառավարության պարտքի չափը կկազմի 4 տրիլիոն 740 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

2022 թվականի ավարտին ՀՀ կառավարության պարտքի չափը կկազմի 4 տրիլիոն 740 միլիարդ դրամ, ինչը հաջորդ տարվա ՀՆԱ-ի 60.2 տոկոսը կլինի: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ պետական բյուջեի մասին» նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 63.5 տոկոս, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 60.8 տոկոս չափով: 4 տրիլիոն 740 միլիարդ դրամ պարտքի ընդհանուր գումարի 69 տոկոսը կկազմի արտաքին պարտքը, 31 տոկոսը՝ ներքին պարտքը»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2022-ին իրականացված կլինի Կառավարության ծրագրով ամրագրված պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացման քաղաքականությունը:

«2020 թվականի փաստացի 25.4 տոկոսից ներքին պարտքն այս տարվա արդյունքներով կգերազանցի 28 տոկոսը, իսկ 2022 թվականին կհասնի ընդհանուր պարտքի 31 տոկոսին: Պարտքի նշված կառուցվածքի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրեթե նույն սկզբունքով է ձևավորվում պարտքի արժութային կառուցվածքը: Ներքին պարտքի ավելացման հետ միասին ավելանում է հայկական դրամով ներգրավված պարտքը, և նվազում են արժեքային ռիսկերը»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: