183 օր ՀՀ-ից բացակայելու դեպքում քաղաքացին զրկվելու է ընտրելու իրավունքից. Ալխաս Ղազարյան
Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է ընտրություններին մասնակցելու համար նոր պահանջի սահմանմանը, որի համահեղինակներից մեկն ինքն է։
Ըստ նախագծի՝ ՀՀ-ում ընտրություններին և հանրաքվեներին իրավունք կունենան մասնակցել այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ առնվազն 183 օր բնակվել են ՀՀ-ում։
Ղազարյանը, մասնավորապես, ասել է. «Եթե մարդ վեց ամսից ավելի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար ունի իր կենսական շահերը Հայաստանում՝ հարկ է վճարում, աշխատում է։ ՏԻՄ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապետական ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք. կարծես նաև սա է միավորում այս նախագծին, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաև այս առումով։ Նույնը վերաբերում է նաև «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությանը։ Թվերի առումով՝ այս պահին, քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը, կխուսափեմ թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ, հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությամբ [կներկայացնեմ]՝ արդյոք հետո մենք ինչքան ընտրող կունենանք, ընտրողների թիվը կպակասի՞, թե՞ կավելանա։ Մի երկու բացառություն էլ նախատեսված է. հանրային պաշտոնների դեպքում, երբ որ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, և նաև ուսումնական բուհեր ընդունվելու դեպքում։ Քննարկման փուլում են բուժման նպատակով, նաև հարկեր վճարելու հիմքով և այլ նման հարցեր, բայց այս պահին նախագիծը դրված է այս տեսքով շրջանառության մեջ»:


