շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Զյուգանովին վրդովեցրել է Թրամփի քննադատությունը կոմունիզմի հասցեին. «Խոշոր առևտրական և հարյուր տոկոսանոց անուղեղ ավազակ»

Զյուգանովին վրդովեցրել է Թրամփի քննադատությունը կոմունիզմի հասցեին. «Խոշոր առևտրական և հարյուր տոկոսանոց անուղեղ ավազակ»

ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Պոդյոմ» պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները կոմունիզմի հասցեին՝ նշելով, որ դրանք պայմանավորված են Վաշինգտոնի և Չինաստանի դիմակայությամբ։

Ըստ Զյուգանովի, ԱՄՆ-ն Չինաստանին դիտարկում է որպես գլխավոր ռազմավարական մրցակից, և այդ պատճառով ձգտում է թուլացնել երկրի Կոմունիստական կուսակցությունը։

«Բացեք Թրամփի ռազմավարությունը, և դուք կկարդաք, թե ովքեր են գլխավոր թշնամիներն ու հակառակորդները։ Առաջինը՝ Չինաստանն ու նրա կոմկուսը։ Ինչո՞ւ կոմկուսը։ Որովհետև այն իր երկիրը վերածել է աշխարհի առաջատար տերության... Իսկ որպեսզի երկիրը չլինի, պետք է խեղդել կոմկուսին ու կոմունիստներին»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդը չափազանց կոշտ է արտահայտվել հենց ԱՄՆ նախագահի մասին։

«Թրամփի վարքագծում նոր բան չկա։ Բացահայտ իմպերիալիստ է, խոշոր առևտրական, միջազգային առումով բացարձակ՝ հարյուր տոկոսանոց ավազակ։ Թրամփը ոչ մի նոր բան չի ասել և ասել էլ չի կարող։ Դրա համար նա ոչ ուղեղ ունի, ոչ էլ խիղճ, նա սովոր է գրպանները լցնել ուրիշներին թալանելու և սպառնալիքների հաշվին, որոնցով անվերջ զբաղվում է՝ ամբողջ մոլորակի վրա բռունցք թափահարելով»,- հայտարարել է Զյուգանովը։

Բացի այդ, ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չպետք է հույս դնի Թրամփի հետ որևէ պայմանավորվածության վրա, քանի որ, ըստ նրա, դրանք չեն կատարվի։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ այն դիտարկում է որպես երկիր, որն ունի զգալի բնական ռեսուրսներ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Անկախության օրվան նվիրված ելույթում կոմունիզմն անվանել էր «ամերիկյան ազատության համար մահացու սպառնալիք» և հայտարարել, որ այն համարում է «մեծագույն սպառնալիքը»՝ այն վեր դասելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից, Պերլ Հարբորի վրա հարձակումից և սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից։ Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահը նաև կոմունիստներին անվանել էր «կենդանիներ» և «շատ դեպքերում ոչ խելացի»։

  • Կիսվել: