շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Զոհվել է լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան․ Բրոդ Փիքում ձնահյուսը խլել է արշավախմբի մասնակիցների կյանքը

Զոհվել է լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան․ Բրոդ Փիքում ձնահյուսը խլել է արշավախմբի մասնակիցների կյանքը

Ժամանակակից ամենահայտնի լեռնագնացներից մեկը՝ բրիտանա-նեպալցի մարզիկ Նիրմալ Պուրջան, զոհվել է Պակիստանի Բրոդ Փիք լեռան վրա տեղի ունեցած հզոր ձնահյուսի հետևանքով։ Այս մասին հայտնել է նրա Elite Expeditions ընկերությունը։ Նրա հետ միասին զոհվել են միջազգային արշավախմբի մի քանի մասնակիցներ, հաղորդել է AFP-ն։

Ձնահյուսը պոկվել է հինգշաբթի, մոտ 6 600 մետր բարձրության վրա, երբ 10 հոգուց բաղկացած խումբը բարձրանում էր ութ հազար մետր բարձրություն ունեցող լեռան գագաթը։ Դեպքից հետո կապը լեռնագնացների հետ կորել էր։ Փրկարար ծառայությունները մի քանի օր որոնողական գործողություն էին իրականացնում եղանակային չափազանց բարդ պայմաններում։

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի երեք մասնակիցների մարմինները՝ ամերիկացի և օմանցի ալպինիստուհիների, ինչպես նաև նեպալցի ալպինիստի։ Ավելի ուշ հաստատվել է Նիրմալ Պուրջայի և թիմի մյուս անդամների մահը։

43-ամյա Պուրջան համարվում էր իր սերնդի ամենանշանավոր լեռնագնացներից մեկը։ 2019 թվականին նա սահմանել էր համաշխարհային ռեկորդ՝ ընդամենը 6 ամիս 6 օրում բարձրանալով 8 000 մետրից բարձր բոլոր 14 լեռները։ Նա հայտնի էր նաև նրանով, որ վերելքները կատարում էր առանց լրացուցիչ թթվածնի օգտագործման։

Մինչ պրոֆեսիոնալ լեռնագնացի կարիերան սկսելը Պուրջան ծառայել է բրիտանական բանակում՝ գուրկհերի էլիտար ստորաբաժանման կազմում, ապա՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետևակում։

Ողբերգությունից առաջ լեռնագնացը X սոցիալական ցանցում գրել էր, որ ձգտում է դառնալ առաջին մարդը, ով երկու անգամ կնվաճի բոլոր 14 «ութհազարանոցներն» առանց թթվածնային սարքավորումների։ Բրոդ Փիք բարձրանալուց առաջ նա հրապարակել էր խոսքեր՝ անվտանգ վերելքի և վերադարձի խնդրանքով։

8 047 մետր բարձրություն ունեցող Բրոդ Փիքը համարվում է աշխարհի ամենաբարդ գագաթներից մեկը։ Այն գտնվում է Պակիստանի հյուսիսում՝ Կարաքորում լեռնաշղթայում, և մտնում է մոլորակի 14 ամենաբարձր լեռների շարքը։

Նեպալի վարչապետ Բալենդրա Շահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ ալպինիստների արիությունը, անձնազոհությունն ու ներդրումը մարդկանց համար հավերժ կմնան ոգեշնչման աղբյուր ամբողջ աշխարհում։

  • Կիսվել: