Զելենսկին Ստամբուլ մեկնած ՌԴ պատվիրակությունն անվանել է «բուտաֆորիա»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսվող ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայացված ՌԴ պատվիրակության կազմը՝ նշելով, որ նրանք ձևական բնույթ են կրում։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, Զելենսկին այս մասին ասել է Անկարա ժամանելուն պես։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թուրքիա ուղարկված ռուսական պատվիրակության կազմը ցածր է, իսկ նրա մանդատը պարզ չէ։
«Ռուսական պատվիրակության մակարդակն ինձ պաշտոնապես հայտնի չէ, բայց դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, դա ավելի շատ նման է բուտաֆորիայի, - ասել է Զելենսկին։ - Մենք պետք է հասկանանք, թե ինչ մակարդակի է ռուսական պատվիրակությունը, և ինչ մանդատ նրանք ունեն և արդյոք նրանք կարող են որևէ որոշում կայացնել»։
Զելենսկիին նաև հարց են ուղղել, թե ինչ ուղերձ ունի նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ես այստեղ եմ։ Կարծում եմ՝ դա հստակ ուղերձ է», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը։
Թուրքիայում մայիսի 15-ին մի քանի իրադարձություն է տեղի ունենում։ Անթալիայում հանդիպում է ընթանում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին ներկա է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Անկարայում նախատեսված է Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողայի հետ։ Իսկ Ստամբուլում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։