Զելենսկին պաշտոնանկ է արել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին ասված է Զելենսկու համապատասխան հրամանագրում, տեղեկացնում է УНИАН-ը։
Ազատման պատճառը չի նշվում:
Ստեֆանիշինան իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ հրաժարական է տվել սեփական ցանկությամբ։ Նա ընդգծել է, որ այն ծրագրի հիմնական կետերը, որով ժամանել էր ԱՄՆ, կատարվել են։
«Մենք մեծացրել ենք ամերիկյան զենքի մատակարարումները և պահպանել աջակցությունը հենց այն պահին, երբ Վաշինգտոնում քաղաքական իրավիճակը փոխվում էր ոչ մեր օգտին։ Մենք այդ աջակցությունն ամրագրել ենք օրենքներում, որոնք կդիմանան վարչակազմի ցանկացած փոփոխության։ Եվ ամենակարևորը՝ մենք փոխել ենք հենց Ուկրաինայի դերը՝ օգնություն ստացող երկրից դեպի երկիր, որի մեջ ներդրումներ են անում և որի տեխնոլոգիաները ձեռք են բերում»,-գրել է արդեն նախկին դեսպանը:


