չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 26-ի հրամանագրով «Ազատության շքանշան» է շնորհել ամերիկացի տրիլիոնատեր, «SpaceX» և «Tesla»  ընկերությունների ղեկավար Իլոն Մասկին։

Նախագահականի կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ շքանշանը Մասկին շնորհվել է մարդու կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար։

Մասկի «Starlink» արբանյակային ինտերնետ ծառայությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր օգնել է ուկրաինական ուժերին պահպանել կապը և համակարգել ռազմական գործողությունները։

Politico-ն գրում է, որ 2026 թվականի փետրվարին «SpaceX»-ն անջատել է ռուսական ուժերի կողմից օգտագործվող հազարավոր «Starlink» տերմինալներ՝ թուլացնելով նրանց ռազմական կարողությունները։

Ուկրաինան փորձում է համոզել տեխնոլոգիական ոլորտի մագնատին թույլատրել իր բանակին «Starlink» ցանցն օգտագործել Ռուսաստանի տարածքում։ Դա Ուկրաինային հնարավորություն կտա բարձրացնել Ռուսաստանի խորքում իրականացվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների ճշգրտությունը։

«Առայժմ Մասկն ասել է, որ դա էսկալացիա կլինի։ Բայց նա կարող է փոխել իր կարծիքը, երբ ավելի շատ փաստարկներ տեսնի», - օրեր առաջ թեմայի վերաբերյալ լրագրողներին ասել էր Զելենսկին։

«Ազատության շքանշանը» հաճախ շնորհվում է Ուկրաինային աջակցող օտարերկրյա առաջնորդներին։ Վերջին շրջանում այն ստացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

 

  • Կիսվել: