Զապորոժյեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել Էներգոդարի գնդակոծության պատճառով
Զապորոժյեի ատոմակայանի (ԱԷԿ) հովացման համակարգի օբյեկտում հրդեհ է բռնկվել, հայտնել է Զապորոժյեի շրջանի ռուսաստանյան ղեկավար Եվգենի Բալիցկին։ Ըստ նրա, հրդեհի պատճառը ուկրաինական զինված ուժերի կողմից Էներգոդարի գնդակոծությունն է եղել։
Եվգենի Բալիցկին գրել է, որ այժմ բոլոր վեց էներգաբլոկները սառը անջատման մեջ են, գոլորշու պայթյունի կամ այլ հետևանքների սպառնալիք չկա։ Զապորոժյեի շրջանի ղեկավարի խոսքով՝ ատոմակայանի և Էներգոդարի շուրջ ֆոնային ճառագայթումը նորմալ է։ Պարոն Բալիցկին պարզաբանել է, որ դեպքի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, հրդեհի օջախները մարվում են, գրում է Коммерсант-ը։
Զապորոժյեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունից ևս հաստատել են, որ հրդեհը որևէ կերպ չի ազդել օբյեկտի շահագործման վրա։ Նշվում է, որ կայանն աշխատում է բնականոն ռեժիմով։ «Ատոմակայանի տարածքում, սանիտարական պաշտպանության գոտում և դիտորդական գոտում ռադիացիոն ֆոնը նորմալ է», - ասվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի Telegram ալիքի հրապարակման մեջ:
Մեկնաբանելով Զապորոժյեի ատոմակայանում տիրող իրավիճակը՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Ուկրաինան, Արևմուտքի ղեկավարությամբ, խաթարել է համաշխարհային էներգետիկ և պարենային անվտանգությունը և այժմ սկսել է «մայրցամաքի միջուկային ահաբեկչությունը»։ «Որտե՞ղ է Ռաֆայել Գրոսսին և ամբողջ ՄԱԳԱՏԷ-ն: Որտե՞ղ կա ՄԱԿ-ի այս կառույցի աշխատանքի գոնե որոշակի իմիտացիա այս կարևոր ոլորտում»,- գրել է նա Telegram-ի ալիքում։