«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա ինտեգրել թյուրքական աշխարհը. Թուրքիայի առևտրի նախարար
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը կարևորել է Ադրբեջանի դերը որպես Անկարայի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարանցիկ հանգույց՝ դեպի Կենտրոնական Ասիա և Հեռավոր Արևելք ընդլայնվելու ճանապարհին և նշել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», գրում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի բացմամբ հնարավոր կդառնա թյուրքական աշխարհի աշխարհագրական ինտեգրումը և տնտեսական կապերի զարգացումը, միաժամանակ կակտիվանա Միջին միջանցքը, որը սկսվում է Հեռավոր Արևելքում և ձգվում մինչև Եվրոպա և կամրապնդվի տարանցիկ առևտուրը»,- ասել է նա։
Անկարայում Թուրք-ադրբեջանական ձեռնարկատերերի և արդյունաբերողների ասոցիացիայի (TÜİB) կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Բոլաթը նաև նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում թուրք-ադրբեջանական առևտրի տարեկան ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։
«Այս տարվա առաջին ութ ամիսներին մեր ապրանքաշրջանառությունն աճել է։ Հատկապես կարևոր են ներդրումները։ Թուրքիայի ամենամեծ ներդրումներն աշխարհում, ըստ ձեռնարկատերերի և ընկերությունների թվի, Ադրբեջանում են։ Մեր ամենամեծ ներդրումային նախագիծը՝ 17 միլիարդ դոլարի չափով, նույնպես իրականացվում է Ադրբեջանում։ Իր հերթին, Ադրբեջանը Թուրքիայում մոտ 3000 ընկերություն ունի»։


