չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ըստ Պենտագոնի խորհրդականների՝ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը

Ըստ Պենտագոնի խորհրդականների՝ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը

Հզոր հարձակում սկսելու դեպքում Ռուսաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը: Այս մասին Newsweek-ի հետ զրույցում ասել է Rand Corporation-ի՝ ԱՄՆ կառավարության և Պենտագոնի համար աշխատող ամերիկյան վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Խարկովի՝ Ռուսաստանի հետ սահմանից ընդամենը 26 կմ հեռավորության վրա գտնվող դիրքը Մոսկվայի համար կհեշտացնի առաջխաղացող զորքերին աջակցելը, որոնք հրետանու գերազանցության և ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության՝ մարդկային մեծ կորուստներ կրելու պատրաստակամության շնորհիվ ի վիճակի կլինեն դանդաղ առաջ շարժվել։

Բացի այդ, ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանների, միևնույն ժամանակ, ուկրաինական զորքերի՝ ռուսական հարձակողական գործողությունները հետ մղելու կարողությունը կտրուկ նվազել է նյութական միջոցների պակասի պատճառով և մոտ ապագայում էլ կշարունակի նվազել, մինչև Միացյալ Նահանգները ռազմական օգնություն չցուցաբերի:

Նշվում է նաև, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը խոստովանել է, որ Ուկրաինան պատրաստվում է հետ մղել մայիսի վերջին-հունիսի սկզբին սպասվող ռուսական խոշոր հարձակումը, սակայն առանց Արևմուտքի ռազմական օգնության ռուսներին հետ մղելն աղետալիորեն դժվար է լինելու:

Խարկովի վրա հնարավոր հարձակման մասին լուրերի հետնապատկերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խարկովի մարզ։ Այնտեղ նա հայտարարել է, որ տարածաշրջանը շատ կարևոր է Ուկրաինայի համար, և ռուսները պետք է համոզվեն, որ ուկրաինացիները պատրաստ են պաշտպանվելու: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստվել է ռուսական բանակի հնարավոր հարձակմանը։

  • Կիսվել: