Յակուտիայում աշխատողներով լցված ավտոբուսը ընկել է 30 մետր բարձրությունից․ զոհվել է 13 մարդ
Հուլիսի 21-ի գիշերը Յակուտիայի «Վոստոչնայա Դենիսովսկայա» հանքի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 13 և վիրավորվել 20 մարդ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության և դատախազության տվյալներով՝ աշխատողներ տեղափոխող ավտոբուսը հանքը լքելու պահին դուրս է եկել ճանապարհից և ընկել 30 մետրանոց ժայռից, որից հետո շրջվել է։ Վթարի պահին ավտոբուսում եղել է 33 մարդ։
«Վոստոչնայա Դենիսովսկայա» հանքը մտնում է «Կոլմար» կորպորացիայի կազմի մեջ, որը, ինչպես գրում է «Սիբիրսկի Էքսպրես»-ը, կապ ունի Ռուսաստանի էներգետիկայի նախարար և Կուզբասի նախկին նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովի ընտանիքի հետ։ «Կոլմար Գրուպ» ընկերության ղեկավարը Ցիվիլյովի եղբայրն է՝ Վալերի Ցիվիլյովը։
Ներյունգրի քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մաս):


