կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Վտանգավոր «ծաղկում» Բալթիկայից մինչև Գերմանիայի ափեր ․ իշխանությունները կոչ են արել հրաժարվել լողալուց

Վտանգավոր «ծաղկում» Բալթիկայից մինչև Գերմանիայի ափեր ․ իշխանությունները կոչ են արել հրաժարվել լողալուց

Պոտենցիալ թունավոր կապտականաչ ջրիմուռները տարածվել են Բալթիկ ծովում և Գերմանիայի հյուսիսային հատվածի լճերում, հայտնել է dpa-ն։

Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացրել են չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում են այս օրգանիզմների կուտակումներ։

Գերմանիայի Դաշնային ծովային և հիդրոգրաֆիական գործակալության արբանյակային լուսանկարները ցույց են տվել ջրիմուռների խոշոր կուտակումներ ծովում՝ Ռոստոկի և Հիդենզե կղզու միջև, որոնք ձգվում են դեպի Դանիայի ափեր։

Իրականում խոսքը ոչ թե ջրիմուռների, այլ ցիանոբակտերիաների մասին է։ Դրանց որոշ տեսակներ կարող են արտադրել թունավոր նյութեր, որոնք կհանգեցնեն ալերգիկ ռեակցիաների, մաշկի և լորձաթաղանթների գրգռման։ Աղտոտված ջրի մեծ քանակ կուլ տալու դեպքում հնարավոր են սրտխառնոց և փսխում։

Հարևան Շլեզվիգ-Հոլշթեյն երկրամասում ցիանոբակտերիաների հայտնվելու պատճառով նույնպես լողալու արգելք է սահմանվել մի քանի լճերում։ Ակնկալվում է, որ սահմանափակումները կգործեն առնվազն մինչև չորեքշաբթի։

Ամառային շոգ եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում ցիանոբակտերիաների արագ բազմացման համար։ Սովորաբար դրանք անզեն աչքով տեսանելի չեն, սակայն զանգվածային տարածման դեպքում ձևավորում են նկատելի շերտեր և փոխում ջրի գույնը։

Միևնույն ժամանակ, կուտակումների բնույթն ու տարածքը կարող են փոխվել բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում՝ կախված քամուց և եղանակային պայմաններից։ Իշխանությունները խորհուրդ են տալիս ջուրը չմտնել, եթե այն այնքան պղտոր է դառնում, որ անհնար է տեսնել սեփական ոտքերը ծնկներից ցածր խորության վրա։ Նման դեպքերում փոքր երեխաներին խորհուրդ են տալիս չխաղալ ափի մոտ և չչփչփացնել ծանծաղ ջրում։

  • Կիսվել: