Վրաստանը հանել է Ռուսաստանի հետ սահմանին «Դարիալի» սահմանային անցակետին հարող երթևեկության սահմանափակումները
Վրաստանի իշխանությունները հանել են ավտոմոբիլային երթևեկության սահմանափակումը Դարյալի կիրճում՝ վրաց-ռուսական սահմանի հատվածում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նշվում է, որ որոշումն ընդունել են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալության հանձնարարականի հիման վրա և հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը։
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետը նույնպես վերսկսել է աշխատանքը սովորական ռեժիմով։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Դևդորակի շրջանում վաղ նախազգուշացման համակարգը, որն արձագանքում է նույնիսկ հունում ջրի մակարդակի աննշան բարձրացմանը, տագնապի ազդանշան էր տվել։ Անվտանգության արձանագրությանը համապատասխան՝ «Դարիալի» անցակետի տարածքից տարհանվել էին այնտեղ գտնվող քաղաքացիները, ինչպես նաև պարեկային և սահմանային ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերության աշխատակիցները։
Միաժամանակ, որպես կանխարգելիչ միջոց, Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել էր բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ներկայում Դարյալի կիրճում վտանգի մակարդակը հանվել է, որից հետո երթևեկության սահմանափակումները չեղարկվել են։



