հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

Վրաստանում երեկ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի։

Ըստ Newsgeorgia-ի՝ Զուգդիդիում մի քանի տասնյակ մարդ երթով շարժվել է դեպի քաղաքապետարան։ Ցուցարարները պահել էին «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» գրությամբ ցուցապաստառ։ Գորիի բնակիչները հավաքվել են քաղաքի պատմական կենտրոնում՝ Եվրամիության և Վրաստանի դրոշներով ու «Ոչ ռուսական օրենքին», «Այն քաղաքը, որը Ռուսաստանը ռմբակոծել է, չի ընդունի ռուսական օրենքը. Մեր ընտրությունը Եվրոպան է» ցուցապաստառներով։

 

Թբիլիսիի այսօրվա բողոքի ցույցը կազմակերպել էին «Ջիուտի» և «Դապիոնի» ուսանողական կազմակերպությունները։ Նրանք Վրաստանի խորհրդարանում բողոքել են օրինագծի դեմ, իսկ ավելի ուշ տեղափոխվել են կառավարության շենքի դիմաց և պահանջել հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ուսանողները հայտարարել են, որ պատրաստ են Կոբախիձեին դասախոսություն կարդալ, թե ինչու է օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրինագիծը ռուսական: Վարչապետը չի ցանկացել հանդիպել ցուցարարների հետ.

Թեև Թբիլիսիի այսօրվա բողոքի ցույցը մարդաշատ չէ, սակայն կառավարական թաղամասում մոբիլիզացվել է ոստիկանությունը, իսկ գրասենյակի շենքը շրջափակված է։

  • Կիսվել: