երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա դեպի ԵՄ․ Բորել

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա դեպի ԵՄ․ Բորել

Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին ու արժեքներին։

Ինչպես հաղորդում է Vedomosti-ին, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Սա շատ մտահոգիչ զարգացում է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա դեպի ԵՄ։

Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին»,- ասված է հայտարարության մեջ։

Բորելի խոսքով՝ օրենքի ընդունումը կսահմանափակի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հնարավորությունները։

Բորելը Վրաստանին կոչ է արել ձեռնպահ մնալ օրենքի ընդունումից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի։

  • Կիսվել: