կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վրաստանում մի քանի նախկին պաշտոնյաների տներից առգրավել են ավելի քան 7 մլն դոլար և թանկարժեք զարդեր

Վրաստանում մի քանի նախկին պաշտոնյաների տներից առգրավել են ավելի քան 7 մլն դոլար և թանկարժեք զարդեր

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը մանրամասներ է հապարակել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տներում երեկ կատարված խուզարկությունների մասին՝ հստակեցնելով, որ խուզարկությունները տեղի են ունեցել Իրակլի Ղարիբաշվիլու, Գրիգոլ Լիլուաշվիլու, Օթար Պարցխալաձեի, Ռոմեո Միկաուտաձեի, Միխեիլ Չոխելու, Վանո եւ Թոռնիկե Պարկաուլիների, Սանդրո Լիլուաշվիլու եւ նրանց ընտանիքների անդամների տներում: Այս մասին հայտնում է Գռուզիա Online-ը։

Նշվում է, որ, ըստ պետական ​​անվտանգության ծառայության, տարբեր վայրերից առգրավվել է 7 մլն 2 200 դոլար եւ 136 հազար լարի կանխիկ գումար։

Պետանվտանգության ծառայության պետը հանդես է եկել ճեպազրույցով՝ նշելով. «Բարձր հանրային շահից ելնելով՝ մենք ցանկանում ենք հանրությանը տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն երեկ իրականացված համապարփակ միջոցառումների մասին։

Ինչպես արդեն հայտնի է, երեկ՝ ժամը 10:00-ից սկսած, ողջ երկրի մասշտաբով խուզարկություններ են իրականացվել 24 բնակարաններում եւ բնակելի շենքերում: Կատարվել են նաեւ անձնական խուզարկություններ:

Այս խուզարկությունները կատարվել են Թբիլիսիում, ինչպես նաեւ Դեդոպլիսցկարայի, Վանիի, Չոխատաուրիի եւ Բորժոմի շրջաններում: Խուզարկություններ են կատարվել Իրակլի Ղարիբաշվիլու, Գրիգոլ Լիլուաշվիլու, Օթար Պարցխալաձեի, Ռոմեո Միկաուտաձեի, Միխեիլ Չոխելու, Վանո եւ Թոռնիկե Պարկաուլիների, Սանդրո Լիլուաշվիլու եւ նրանց ընտանիքների անդամների տներում:

Գործողություններին մասնակցել են դատախազության եւ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության 230 աշխատակիցներ:

Արդյունքում՝ տարբեր վայրերից առգրավվել են 7 մլն 2 200 դոլար եւ 136 հազար լարի, 198 միավոր զարդեր եւ ժամացույցներ, թանկարժեք նկարներ, մի քանի հազար էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս եւ 119 էլեկտրական սարքավորում։

Ներկայում Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության եւ Վրաստանի գլխավոր դատախազության քննիչները համատեղ եւ ինտենսիվորեն ուսումնասիրում են վերոնշյալ փաստաթղթերը եւ էլեկտրոնային կրիչներում պահվող տեղեկատվությունը։ Պարզվում է նաեւ առգրավված կանխիկ դրամի իրական ծագումը, որից հետո կնախատեսվեն հետագա քննչական եւ օպերատիվ միջոցառումներ եւ իրավական գործողություններ ներգրավված անձանց նկատմամբ»:

  • Կիսվել: