Վրաստանում ձերբակալվել է «ռուսական օրենքի» դեմ ցույցի 11 մասնակից
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի 11 մասնակիցների ձերբակալության մասին, տեղեկացնում է SOVA-ն-ն:
Նշվում է, որ նրանք վարչական կարգով բերման են ենթարկվել:
ՆԳՆ-ն հաստատում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել է պղպեղի սփրեյ՝ կրկնելով, որ «ամեն ապօրինի գործողության կհետևի իրավապահ մարմինների օրինական արձագանքը»։
«Ռուսթավելիի պողոտայում և խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, չնայած ՆԳՆ աշխատակիցների կողմից հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված բազմաթիվ կոչերին՝ բողոքելու օրենքով նախատեսված ձևերով և չձեռնարկել բռնի գործողություններ, ցուցարարները ֆիզիկապես դիմադրել են ոստիկաններին. նրանք նետել են տարբեր բութ առարկաներ, այդ թվում՝ քարեր և շշեր։
Այս ապօրինի գործողության արդյունքում տուժել է ՆԳՆ աշխատակից, որը տեղափոխվել է «Կովկաս» բժշկական կենտրոն։
Վնասվել է նաև նախարարությանը պատկանող ավտոմեքենա։ Ներքին գործերի նախարարությունը ֆիզիկական առճակատումը կանխելու համար կիրառել է հատուկ միջոցներ՝ այսպես կոչված պղպեղի սփրեյ։
Օրենքը խախտելու համար իրավապահները բերման են ենթարկել 11 անձի»,-հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից՝ ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ևս մեկ անգամ կոչ անելով ապահովել բողոքի արտահայտումը օրենքով նախատեսված շրջանակներում, այլապես յուրաքանչյուր անօրինական գործողության կհետևի իրավապահ մարմինների համապատասխան իրավական արձագանքը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել:
Իսկ երեկ՝ ապրիլի 16-ին, խորհրդարանի դիմաց՝ հենց քննարկման ժամանակ, բողոքի ակցիան թեժացել է, հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկանությունը բարձրախոսներով կոչ է արել լքել խորհրդարանի մուտքի տարածքը: