Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիում սպասվող պայթյունների մասին. տեղեկությունը կեղծ է դուրս եկել
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել չտարածել «անհամաձայնեցված հայտարարություններ» անվտանգության հարցերի վերաբերյալ, հաղորդում է Новости-Грузия-ն։
Նման կերպ է արձագանքել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ԱՄՆ դեսպանատան կողմից Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացմանը։ Դեսպանությունը զգուշացրել էր, որ տեղեկություններ ունի Թբիլիսիի երեք խոշորագույն առևտրի կենտրոններում սպասվող պայթյունների մասին և դեսպանատան աշխատակիցներին կոչ էր արել մինչև նոր ծանուցում չայցելել նշված առևտրի կենտրոններ։
Թբիլիսիի առևտրի կենտրոնների ներկայացուցիչները հայտարարել են, որ ենթադրյալ հնարավոր պայթյունների շուրջ խուճապի մասին տեղեկացել են լրատվամիջոցների հաղորդագրություններից։
«Մենք որևէ նամակ կամ զանգ չենք ստացել, ինչպես նախորդ դեպքերում։ Այս լուրը ձեզանից իմացանք, կապ հաստատեցինք համապատասխան ծառայությունների հետ և սպասում ենք հրահանգների»,-Mtavari-ին հայտնել է Galleria Tbilisi-ի ներկայացուցիչը։ Հարցին, թե արդյոք տարհանում է նախատեսվում, նա պատասխանել է՝ «ո՛չ»։
Նմանատիպ հայտարարություն է արել նաև East Point Shopping Mall-ի ներկայացուցիչը։