հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն`  ավիահաղորդակցության դադարեցման մասին

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Վրաստանը միանում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին և դադարեցնում ավիահաղորդակցությունը այդ երկրի հետ։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանը միշտ հաշվի է առնում այս կամ այն երկրի նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմները։ Մենք նաև համապատասխան որոշում ենք կայացրել Իրանի նկատմամբ, և Էկոնոմիկայի նախարարությունն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել», - ասել է Կոբախիձեն։

Նա ընդգծել է, որ Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում, քանի որ «դա սխալ և անհեթեթ կլիներ»։

«Մենք գործում ենք սահմանված միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նման մոտեցում է ցուցաբերվել նաև Ռուսաստանի նկատմամբ, երբ Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չի սահմանել։

«Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է․ մենք հարևան երկրների նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չենք սահմանում, սակայն հաշվի ենք առնում միջազգային պատժամիջոցների ռեժիմները», - ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ Վրաստանի քաղաքացիական ավիացիան հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերությունների չվերթները։ 

ԱՄՆ-ի կողմից իրանական 27 ավիափոխադրողների և ծառայություններ մատուցող 9 ընկերությունների նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։ 

 

  • Կիսվել: