կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել

Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել

Այսօր՝ մարտի 6-ին, Վրաստանի խորհրդարանում փորձ է արվել խափանել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերի քննարկումը։ Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ, գրում է kommersant.ru-ն։

Ընդդիմությունը՝ նախևառաջ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը, փորձել է խափանել նիստը։ Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին և ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին ձեռնամարտի են բռնվել, իսկ ՄԱՇ-ի պատգամավոր Աննա Ցիտելաշվիլին նշված օրինագծերԻ թղթերի կույտով հարվածել է Օխանաշվիլիի դեմքին։

Միևնույն ժամանակ, «Ռազմավարություն կառուցող» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գիորգի Վաշաձեն հայտնել է, որ իրեն հեռացրել են խորհրդարանական հանձնաժողովի նիստերի սենյակից։

«Սրանք վրացիներ չեն, այլ սովորական ռուսներ, և դրա համար էլ ընդունում են ռուսական օրենքը»,- դժգոհել է Վաշաձեն։

Ընդդիմությունից երեք կին պատգամավոր դահլիճում հակառուսական պաստառ է պարզել։ Նրանց դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։

Խորհրդարանի շենքում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ՝ ցույց է սկսվել հարակից Ռուսթավելի պողոտայում։ Դրա մասնակիցներն այրել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը «ի նշան բողոքի՝ Վրաստանի կոլաբորացիոնիստական իշխանությունների կողմից իրականացվող ռուսամետ քաղաքականության դեմ»։ Ցուցարարները ձվեր են նետել խորհրդարանի շենքի վրա։ Այնուամենայնիվ, խորհրդարանական հանձնաժողովը սովորականի պես շարունակել է օրինագծերի քննարկումը։ Առաջիկայում դրանք կներկայացվեն քննարկման խորհրդարանի լիագումար նիստում։

Երկու օրենսդրական ակտերն էլ մշակվել է իշխանամետ «Ժողովրդի իշխանություն» խմբակցության կողմից։ Ընդդիմադիրները համոզված են, որ նման օրենքների ընդունումը կխոչընդոտի Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: