երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցը թեժացել է. «ռուսական օրենքի» քննարկումը կշարունակվի վաղը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցը թեժացել է. «ռուսական օրենքի» քննարկումը կշարունակվի վաղը

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը կշարունակվի վաղը՝ ապրիլի 17-ին։ Խորհրդարանի լիագումար նիստը հետաձգվել է վաղը, քանի որ խորհրդարանը չի հասցրել մինչև ժամը 21.00-ն ավարտել օրինագծի քննարկումը։

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախաձեռնած օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։

«Ոչ մի երկիր չի ասում օրենքի նախագծի մասին, թե` շատ լավն է, քանի որ, Վրաստանից բացի, ոչ մի երկրի դա ձեռնտու չի»,- ասել է Մդինարաձեն` օրինագծի ընդունման հետ կապված արձագանքները համեմատելով Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման հորդորների հետ, նշելով․ «Այն ժամանակ էլ դեսպանները պահանջում էին ազատ արձակել Սաակաշվիլիին՝ պնդելով որ նա մահանում է, բայց` չմահացավ»։

Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ քննարկել է «ռուսական օրենքը»։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կայացել է ժամը 12-ին, իսկ երկրորդը մեկնարկել է երեկոյան ժամը 19-ին։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել:

Իսկ այսօր խորհրդարանի դիմաց՝ հենց քննարկման ժամանակ, բողոքի ակցիան թեժացել է, հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկանությունը բարձրախոսներով կոչ է արել լքել խորհրդարանի մուտքի տարածքը:

  • Կիսվել: