ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օդեսայից Վորոնեժ տարվող պայթուցիկներով բեռ կալանելու մասին

Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնել են Օդեսայից Վորոնեժ տարվող պայթուցիկներով բեռ կալանելու մասին

Վրաստանում կալանել են պայթուցիկ նյութերով բեռ, որն ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ տարվում էր Օդեսայից Վորոնեժ՝ ահաբեկչությունների իրականացման համար։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հատուկ ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ 

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի տարածքով Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում ներգրավված են եղել Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացիներ: Հետախուզական ծառայությունը պարզաբանել է, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման հետևում կանգնած է «Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն», որը 2020 թ․«Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես Օդեսայի Ռադայի պատգամավորի թեկնածու։

Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունից։

Ըստ գերատեսչության՝ Վրաստանում կալանված պայթուցիկները պարունակում են մեկ պայթուցիչ և վեց հատուկ բանալի, նյութի ընդհանուր քաշը կազմում է 14 կգ։

  • Կիսվել: