երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանին հրթիռային հшրվшծ է հասցվել. աղբյուր

Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանին հրթիռային հшրվшծ է հասցվել. աղբյուր

Վորոնեժում այսօր պայթյուններ են որոտացել, քաղաքի վրա թանձր ծուխ է բարձրացել:

Ըստ ռուսական իշխանամետ Baza տելեգրամ ալիքի՝ Վորոնեժը ենթարկվել է Storm Shadow հրթիռների հարձակման։ Զենքի տեսակի վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ չի եղել։

Ավելի վաղ մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել էր հրթիռային վտանգի մասին և տեղեկացրել ազդարարման համակարգերի գործարկման մասին։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հայտնում է, որ հրթիռային հարվածը հասցվել է «Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանին», որտեղ արտադրվում են ռուսական հրթիռներում կիրառվող միկրոսխեմաներ, առանձին կիսահաղորդչային սարքեր և մոդուլներ։

Պաշտոնական ուկրաինական կողմը հարվածի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չի արել։

Ավելի ուշ մարզպետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ այսօր Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ։

«Մենք այսօր ծանր կորուստներ ենք ունեցել։ Քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել»,-տելեգրամյան ալիքում գրել է Գուսևը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ բուժհաստատություններ են դիմել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծ մասը օգնություն ցուցաբերելուց հետո տուն է գնացել:

«Անձամբ իմ և մարզային իշխանության կողմից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է Գուսևը։

Ամենամեծ վնասը պատճառվել է Վորոնեժի ձախափնյա հատվածում գտնվող արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին: Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները չափել են օդի ցուցիչները. վտանգավոր նյութերի գերազանցումներ չեն հայտնաբերվել:

Բեկորների ընկնելու հետևանքով 10 բազմաբնակարան շենքի ճակատային մասեր և պատուհաններ են վնասվել։ Բացի այդ, տուժել է 6 սեփական տուն՝ հիմնականում վնասվել են դրանց տանիքները։ Այս պահի դրությամբ ստացվել է նաև ավտոմեքենաների վնասման վերաբերյալ մոտ 50 դիմում։

«Բնականաբար, հարձակման հետևանքով բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի։ Ավելի վաղ սահմանված կարգի համաձայն՝ զոհվածների ընտանիքներին կվճարվի 1-ական մլն ռուբլի, իսկ լուրջ վնասվածքներ ստացածներին՝ 300 հազար ռուբլի: Հանձնարարել եմ հասցեական աշխատանք տանել նաև զոհվածների ընտանիքների հետ», - վստահեցրել է մարզպետը։

 

 

 
 

  • Կիսվել: