երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վիլնյուսից հետո. ի՞նչ արդյունքներ ունեցավ գագաթնաժողովն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար

Վիլնյուսից հետո. ի՞նչ արդյունքներ ունեցավ գագաթնաժողովն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար

Փորձագետների ներկայացնում են իրենց գնահատականները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների, դրանց հետևանքների, դաշինքի ապագայի և Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ։

 

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, անդրատլանտյան դաշինքը համախմբվել է իր հիմնական առաքելության շուրջ՝ կյանքի կոչել հավաքական պաշտպանությունը՝ շեշտը դնելով դաշինքի ճկունության վրա և հավատարիմ մնալով ընդհանուր անվտանգությանը:

ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարները հուլիսի 11-12-ը Վիլնյուսում էին՝ քննարկելու անցած տարի ալյանսի մադրիդյան գագաթնաժողովում ընդունված Ռազմավարական հայեցակարգի իրագործումը, ուր առաջնահերթություն է հռչակված պաշտպանության ամրապնդմանը և հնարավոր հակառակորդներին զսպելը:

 

«Առանցքային» գնահատված Վիլնյուսի գագաթնաժողովում, որն ընթացավ ուկրաինական ուժերի հակահարձակման և Ռուսաստանում ներքին անկայունության ֆոնին, դաշնակիցները քննարկեցին պաշտպանական ծախսերի ավելացումը, ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացումը, տարածաշրջանային պաշտպանական ծրագրերի մշակումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառավարման նոր մոդելի հետ կապված հարցեր:

Ի պատասխան Մոսկվան կողմից շարունակվող ագրեսիվ պատերազմի, դաշինքը որոշումներ կայացրեց ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ապագա դերի և Կիևի անվտանգության երկարաժամկետ ապահովման վերաբերյալ:

Արտաքին քաղաքականության ամերիկյան հետազոտական ինստիտուտի (FPRI) փորձագետները վերլուծել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական արդյունքները և դրանց ազդեցությունը ՆԱՏՕ-ի ապագայի և Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության վրա:

Անդրատլանտյան պաշտպանության և անվտանգության վերլուծական կենտրոնի փորձագետ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Սքոթ Քինդսվաթերը զուսպ է վիլնյուսյան արդյունքների մասով՝ գագաթնաժողովն որակելով «ընդհանուր առմամբ, հաջողված՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից»։

«Որպես երկրների պաշտպանական դաշինք՝ ՆԱՏՕ-ն ավելի արագ է հարմարվում 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին, քան իր անդամներն առանձին-առանձին, նույնիսկ՝ ԱՄՆ-ն և այլ խոշոր երկրները: Նախորդ երեքուկես տասնամյակների համեմատ՝ սա հսկայական առաջընթաց է դաշինքի համար»,- նշում է Քինդսվաթերը։

Ըստ գեներալի, գագաթնաժողովի հինգ հիմնական արդյունքներն են՝ «Շվեդիայի անդամակցության հարցի լուծումը», «21-րդ դարի հնարավոր ագրեսորներին զսպմանն ուղղված միջոցառումների մշակումը», «ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերբող աջակցության շարունակումը», «դաշնակիցների որդեգրած գիծը՝ ռազմաարդյունաբերության զարգացման վերաբերյալ» և «դաշինքի բոլոր երկրների համար նվազագույն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի չափով սահմանելը»։

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի վերլուծաբան Կամիլ Գրանդը, սակայն, այնդքան էլ լավատես չէ:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի լուծումը գնահատում է որպես «հաջողություն բանակցային գործընթացում», որը ձեռք է բերվել բառացիորեն վերջին պահին։ Զսպմանն ու պաշտպանությանը վերաբերող կետերը՝ որպես «պարտադիր արդյունք», իսկ ՀՆԱ-ի 2%-ի մասին հիշատակումը՝ «ուշացած պարտավորություն»։

Գրանդը վստահ է՝ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, «ուղղակի անհրաժեշտ էր ազդանշան ուղարկել ողջ աշխարհին՝ որոշելով դաշինքին անդամակցելու [այդ] երկրի ժամկետներն ու ընթացակարգը»։

Այժմ ի՞նչ կարող են ակնկալել ուկրաինացիները դաշինքից։

Չնայած ՆԱՏՕ-ն չհստակեցրեց, թե ինչ ժամկետներում Ուկրաինան կարող է դառնալ ալյանսի անդամ, սակայն դաշնակիցները համաձայնության եկան Կիևին ցուցաբերվող բազմամյա աջակցության ծրագրի շուրջ, որոշեցին խորացնել քաղաքական կապերը Ուկրաինայի հետ՝ ամրապնդելով ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունները:

Միաժամանակ հանվել է Անդամակցության գործողությունների ծրագրին (MAP) համապատասխանելու պահանջը, որը նախկինում պարտադիր էր Կիևի համար՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհին։

Սքոթ Քինդսվաթերի խոսքով, «Ուկրաինան լուրջ պարտավորություններ է ստացել Մեծ յոթնյակի երկրներից»։

«Կասեի՝ «ամուր» պարտավորություններ, ոչ թե «անվտանգության երաշխիքներ», թեև այս արտահայտությունը բավականին հաճախ էր օգտագործվում»,- ընդգծում է պաշտոնաթող գեներալը։

Այս տեսակետին համաձայն է Կամիլ Գրանդը՝ ընդգծելով, որ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման որոշումը իսկապես փոխում է խաղի կանոնները Կիևի և Բրյուսելի հարաբերություններում»։

Ըստ Քինդսվաթերի, Զելենսկին «ստացել է մի գործիք՝ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը, որի միջոցով կկարողանա արագ լուծել երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը»:

Նախկին ռազմական օդաչուն «գոհ է գագաթնաժողովի որոշումներից», քանզի «5 հազար միջուկային մարտագլխիկները, որոնք ունի Ռուսաստանը, շարունակում են լուրջ գործոն հանդիսանալ այս պատերազմում»։

Միաժամանակ, գեներալը վստահ է՝ ապագայում Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին․ «Ուկրաինան մեր դաշինքի ամրոցն է։ Պետք է շարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Կարծում եմ, գագաթնաժողովում ճիշտ քայլեր արվեցին»։

Կամիլ Գրանդը բարձր է գնահատում այն օգնությունը, որի մասին դաշինքի անդամ-երկրների ղեկավարները հայտարարեցին գագաթնաժողովում՝ «ֆրանսիացիները հեռահար հրթիռներ են մատակարարում», «գերմանացիները հայտարարել են 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին», իսկ Միացյալ Նահանգները «տրամադրում է F-16 ինքնաթիռներ»։

«Այսպիսով, չի կարելի ասել, որ Զելենսկին դատարկաձեռն է հեռացել»,- ընդգծում է Գրանդը։

Ինչո՞ւ դաշնակիցները պետք է ընդլայնեն իրենց ռազմական արդյունաբերությունը:

Գեներալ Քինդսվաթերի կարծիքով, ով նախկինում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր հատուկ գործողությունների և հետախուզության գծով, դաշինքի համար դյուրին չի լինի ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային, քանի որ ՆԱՏՕ-ն արդիականացման կարիք ունի․ «ՆԱՏՕ-ի երկրները պետք է լրջորեն վերազինեն իրենց պաշտպանական համակարգերը, կառուցեն նոր ենթակառուցվածքներ, թվայնացնեն զորքերի կառավարման բոլոր համակարգերը»։

«Արևմուտքը գիտի, որ Ռուսաստանը մտադիր է վերականգնել իր ուժերը, և նրանք այն կանեն արագ։ Շատ վերլուծաբաններ ասում են, որ պետք է այս ամենն անենք մոտ երեք տարվա ընթացքում: Դաշինքը պետք է պատրաստ լինի ամեն ինչի»,- նշում է նա։

Այս գնահատականի հետ համաձայն է Կամիլ Գրանդը՝ ընդգծելով, որ «ՆԱՏՕ-ն չունի ռազմական արդյունաբերության զարգացման շատ գործիքներ»։

«Ալյանսը ներգրավված չէ {ռազմական] արդյունաբերությանը վերաբերող քաղաքականության [մշակման] մեջ»,- ասել է Գրանդը։

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը պետք է միասին աշխատեն՝ միջոցներն ու հասանելի գործիքները արդյունավետ օգտագործելու համար:

Գրանդի կարծիքով, հիմնական խնդիրը, որը բացահայտվեց նախորդ մի քանի ամիսներին, հետևյալն է՝ մատակարարման շղթաները հիմնականում անդրատլանտյան են, այնինչ՝ ռազմական արդյունաբերությունը պետք է զարգանա հիմնականում Եվրոպայում։

Ռազմական փորձագետը հիշեցնում է՝ «Արևմուտքը գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի մշտական սպառնալիքի ներքո»։

«1940-ականներից ի վեր առաջին անգամ մենք բախվեցինք նման սպառնալիքների Եվրոպայում ու Ասիայում: Կարծում եմ, մեկ-երկու տարի անց կտեսնեք ընդհանուր անվտանգության ռազմավարական մի ծրագիր։ Այն կլինի հաջորդ քայլը։ Եվ հետո, երեքից հինգ տարի անց, կարծում եմ, կարող եք տեսնել իրավամբ պաշտպանական համագործակցություն»,- իր կանխատեսումն է ներկայացնում կանխատեսեց Կամիլ Գրանդը։

Ի՞նչ պետք է սպասել հաջորդ տարի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից

Գրանդը վստահ է, կարևոր հարցերն են լինեու՝ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը», «դաշինքի անդամների պաշտպանական ծախսերի ավելացումը», «իրավիճակը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։

2024 թվականը ԱՄՆ-ում լինելու է նախագահական ընտրությունների տարի, իսկ ՆԱՏՕ-ի համար՝ «վաշինգտոնյան պայմանագրի 75-ամյակի տարի»։

Սքոթ Քինդսվաթերը խոսքով, որպեսզի Ուկրաինան չկորցնի իր հնարավորությունները, Արևմուտքը պետք է պատրաստ լինի Կիևի համար մշակել Մարշալի պլանի օրինակով մի ծրագիր։

«Պետք է արագ և արդյունավետ կերպով վերականգնենք Ուկրաինան։ Շտապեք համոզվել, որ նրանք վերակառուցում են իրենց տնտեսությունը՝ կրկին Եվրոպայի ամրոց դառնալու համար, իսկ հետո՝ գրեթե ակնթարթորեն, անհրաժեշտ է նրանց «բերել» դաշինք: Կարծում եմ, հենց սա պետք է լինի ուշադրության կենտրոնում՝ ՆԱՏՕ-ի նոր գագաթնաժողովի ճանապարհին։ Բավականին լավատես եմ ապագայի նկատմամբ: Լավ է, որ այս ճանապարհի սկզիբը դրվեց Վիլնյուսում»,- եզրափակում է գեներալը։

  • Կիսվել: