կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի Կոմունիստական կուսակցությունն ընդունել է նախագահ Վո Վան Թիոնգի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ քաղաքական վայրիվերումները կարող են վնասել օտարերկրյա ներդրողների վստահությունը երկրի նկատմամբ:

Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թիոնգը խախտել է կուսակցության կանոնները՝ հավելելով, որ այդ «թերությունները բացասաբար են ազդել հասարակական կարծիքի վրա՝ ազդելով կուսակցության, պետության և անձամբ նրա հեղինակության վրա»։

Թիոնգը նախագահի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականին։ Վիետնամում նախագահը հիմնականում արարողակարգային դերակատարում ունի, սակայն երկրի գլխավոր չորս քաղաքական պաշտոնյաներից մեկն է։

53-ամյա Վո Վան Թիոնգի հրաժարականից օրեր առաջ ոստիկանությունը հայտարարել էր Վիետնամի նահանգապետներից մեկի ձերբակալության մասին՝ տասը տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիայի մեղադրանքներով․ այդ ժամանակ Թիոնգը տվյալ նահանգում կուսակցության ղեկավարն էր։

Նա նաև կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա էր երկրի խոշորագույն տնտեսական կենտրոն հանդիսացող Հոշիմին քաղաքում, որտեղ տեղի ունեցած մի քանի միլիարդ դոլարի հասնող ֆինանսական խարդախության հետ կապված գործով այժմ դատավարություն է ընթանում։

  • Կիսվել: