երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը նոր դարաշրջան է բացում Մերձավոր Արևելքում

Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը նոր դարաշրջան է բացում Մերձավոր Արևելքում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հայտարարված գործարքը կարող է հնարավորություն ստեղծել Մերձավոր Արևելքում վերափոխումների համար։

«Այն, ինչ արեց նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը), իրական հնարավորություն ստեղծեց այս տարածաշրջանի վերափոխման համար։  Եվ այժմ, հույս ունեմ, իրանցիների համար նոր դարաշրջան կսկսվի», - ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Իրանի հետ գործարքը «մեծ իրադարձություն է ամերիկյան ժողովրդի համար»։

«Խաղաղության մեջ ապրել սովորելու համար մի քիչ ժամանակ կպահանջվի, բայց կարծում եմ, որ այսօր մենք կարևոր քայլ արեցինք», - հայտարարել է Վենսը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ համաձայնագիրը հիմնված է երեք հիմնական տարրերի վրա, որոնցից երկուսը ծովային շրջափակման վերացումն ու կողմերի կողմից իրենց պարտավորությունների պահպանումն են, իսկ երրորդը՝ երաշխիքը, որ Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ձեռք բերել։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք վստահությամբ ասել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի հետ գործարքի ձեռքբերման մասին։

«Մենք գործարք ունենք Իրանի հետ։ Շնորհավորում եմ բոլորին դրա կապակցությամբ։ Այժմ ես թույլատրում եմ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման անհապաղ դադարեցումը», - գրել էր նա երկուշաբթի գիշերը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին նույնպես հաստատել էր, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ուրբաթ օրը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն առաջին հերթին նպատակ ունի դադարեցնել ռազմական գործողությունները։ Ամենասուր հարցերը, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը, կողմերը կքննարկեն ավելի ուշ փուլերում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: