հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Վենեսուելայում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ

Վենեսուելայում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ

Վենեսուելայում՝ Կարակասից հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, տեղեկացրել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS)։

Հաղորդագրության համաձայն՝ գրանցվել է երկու շարք ցնցում՝ նախ 7,1, ապա 7,5 մագնիտուդով, օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա։

Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Մոնտալբանից 28 կմ հեռավորության վրա, այդ շրջանում գտնվում են մի քանի խոշոր նավթավերամշակող ձեռնարկություններ։

Առաջին րոպեներին հրապարակված ցունամիի նախազգուշացումը ներկայումս չեղարկվել է։

Ցնցումները զգացվել են Կարակասում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խուճապահար բնակիչները շենքերից տարհանվել են փողոց։ Դեպքի վայրից սոցիալական ցանցերում տարածվող կադրերում երևում են վնասված շենքեր։

Հրապարակումների համաձայն՝ բազմաթիվ շենքեր փլուզման վտանգի տակ են, իրականացվում են տուժածների որոնողական աշխատանքներ։

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնել են, որ երկրաշարժը զգացվել է ամբողջ երկրում, ներառյալ Յարակույում, Լարայում, Մերիդայում, Արագուայում, Կարաբոբոյում, Լա Գուայրայում և Միրանդայում, ինչպես նաև մայրաքաղաքային շրջանում։

Իր հերթին Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն մտահոգիչ է անվանել Կարակասի Ալտամիրա թաղամասերից մեկում ստեղծված իրավիճակը, որտեղ ավերվել է մի քանի շենք։ Նա վարորդներին կոչ է արել ճանապարհ տալ շտապօգնության և արտակարգ ծառայությունների մեքենաներին։ Նախարարը նաև խնդրել է շենքերից դուրս եկած մարդկանց մնալ փողոցում՝ հնարավոր հետցնցումների պատճառով, և կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը գնահատել է կարմիր տագնապի մակարդակով։ Դա նշանակում է, որ մասնագետները մեծաթիվ զոհերի և լայնածավալ վնասների հավանականություն են դիտարկում։

  • Կիսվել: