շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաշինգտոնը «առավել վիճելի հարցերի լուծման վերաբերյալ» Երևանին և Բաքվին առաջարկություններ է ներկայացրել

Վաշինգտոնը «առավել վիճելի հարցերի լուծման վերաբերյալ» Երևանին և Բաքվին առաջարկություններ է ներկայացրել

ԱՄՆ վարչակազմը խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը։
 
Նա նշել է, որ երկու երկրների բանակցային գործընթացում տեղաշարժ կա։ «Մայիսի սկզբին պետքարտուղարն ընդունեց երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, որպեսզի մշակեն ամենավիճահարույց հարցերից մի քանիսը` ներառյալ, օրինակ, սահմանային շրջանում զորքերի հետքաշումը, համաձայնագրում վեճերի լուծման մեխանիզմը, որին մենք փորձում ենք հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Դրանք շատ են այն հարցերից, որոնք մենք մշակում ենք», - նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական  գերատեսչության աշխատակիցը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում։
 
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը մայիսի 1-ին Վաշինգտոնում բանակցություններ են վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: Հոգանը կարծում է, որ նշված հանդիպմանը տեղի է ունեցել ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցություն երկու կողմերի միջև։
 
«Մենք հիմա պարզում ենք, թե ինչ կարելի է անել առավել վիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Մենք առաջ ենք քաշել մի շարք առաջարկներ։ Դրանք, հնարավոր է, երկու կողմերին որոշ ձևակերպումների հնարավորություն են տվել, որոնք թույլ են տալիս հաղթահարել տարաձայնությունները։ Նրանք քննարկում են այդ առաջարկները», - հայտնել է Պետդեպարտամենտի աշխատակիցը։
 
Նա նշել է, որ անցած շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ զրուցել է հասկանալու համար, թե որ ուղղություններով կարելի է առաջ շարժվել։
 
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը տեղի է ունենալու հունիսի 1-ին Քիշնևում ՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, Հոգանը նշել է, որ հանդիպմանը ուշադրությունը կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչ է պետք անել, որպեսզի գործն ավարտին հասցվի։
 
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարն ակտիվ ջանքեր է գործադրել, հատկապես առևտրային և մասնավոր տրանսպորտի համար այն բացելու համար», - ավելացրել է Հոգանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: