Varesh Airlines-ի ինքնաթիռը վերադարձել է Թեհրան. Դուշանբեն ևս փակել է երկինքը Իրանի համար
Իրանական ընկերությունների համար իր օդային տարածքը փակելու Տաջիկստանի որոշման մասին Varesh Airlines-ի Թեհրան-Դուշանբե չվերթի ինքնաթիռը տեղեկացել է հենց երկնքում։ Տեղեկությունը հաղորդում է ParsToday-ը:
Թռիչքի թույլտվության չեղարկումից հետո ինքնաթիռը վերադարձել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։
Ավելի վաղ Ադրբեջանն ու Վրաստանը դադարեցրել էին իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան՝ Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի նոր խիստ պատժամիջոցների ֆոնին:
Kazinform-ի փոխանցմամբ, Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցների ուժեղացումն առաջացրել է Թեհրանի կտրուկ արձագանքը և հանգեցրել միջազգային չվերթերի մի մասի չեղարկմանը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նախօրեին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք, ի կատարումն ամերիկյան պահանջների, դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը՝ չներկայացնելով մանրամասներ:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է իրանական ավիացիայի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ օտարերկրյա օդանավակայաններին և սպասարկող ընկերություններին արգելվում է վառելիքով լիցքավորել իրանական ինքնաթիռները, դրանց սպասարկել ցամաքում և վաճառել դրանց չվերթերի տոմսերը՝ երկրորդային պատժամիջոցների և դոլարային համակարգի հասանելիությունից զրկելու սպառնալիքի ներքո:



